ՄԻՊ. Դատախազությունը վեց գործերով խախտել է օրենքի պահանջը
Նմանատիպ
Պաշտպանին հասցեագրված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վեց գործերով դատախազության կողմից թույլ է տրվել օրենքի խախտում: Բոլոր վեց գործերով նյութերի նախապատրաստման ընթացքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը, համաձայն որի հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում’ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ պաշտպանի աշխատակազմը բազմիցս գրություններ է ուղարկել դատախազություն՝ մատնանշելով և առաջարկելով վերացնել նշված խախտումները։ ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը եղել է հետևյալը. «…ձևականորեն ընդունելով օրենքի պահանջի խախտումը, այնուամենայնիվ դա օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք է…»:
Դատախազությունը, ինչպես և բոլոր այլ պետական մարմինները պարտավոր են անշեղորեն կատարել օրենսդրության պահանջները: Որևէ պետական մարմին չի կարող հրաժարվել օրենքի պահանջների կատարումից՝ համարելով այդ պահանջները «օրենսդրական ոչ համարժեք կարգավորման արդյունք»: Նշված օրենքի պահանջը խախտելը ոչ միայն անընդունելի է օրենքի գերակայության և ձևական պահպանման իմաստով, այլև օրենքի նման կիրառումը այլափոխում է օրենսդրի կամքը, չափազանց ընդլայնում դատախազության հայեցողության շրջանակը և ստեղծում չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի իրական հնարավորություններ:
Դատախազությունը չկատարելով օրենքի պահանջը՝ գտնում է, որ «…իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ 10-օրյա ժամկետում կատարել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման օրենքով սահմանված գործողությունները’ քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայությունը պարզելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առավել ընդունելի է ապահովել հանցագործությունների մասին հաղորդումների ստուգման լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը և դրա արդյունքում ունենալ քրեական գործ հարուցելու իրական հիմքեր’ թեկուզև 10-օրյա ժամկետից ավելի տևողությամբ, քան հապճեպ և անհիմն ու համատարած կարգով հարուցել քրեական գործեր, իսկ հետագայում դրանք կարճել … »:
Անընդունելի համարելով օրենքի խախտումը որևէ հիմնավորմամբ՝ չենք կարող նաև համաձայնվել դատախազության վերոնշյալ պնդումների հետ: Մինչդատական վարույթ իրականացնող մարմինները, այն ժամանակ, երբ առկա են ենթադրյալ հանցագործության մասին վկայող նվազագույն տվյալներ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ օրինական հիմքեր և առիթներ, կայացնում են քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այս նորմը պայամանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրը քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանում է պարտավորություն’ 10 օրվա ընթացքում ստուգել քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի առկայությունը՝ միաժամանակ դրա համար նախատեսելով խիստ սահմանափակ գործողություններ, մասնավորապես’ պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, դեպքի վայրի զննություն։ Հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն: Այն դեպքերում երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողություններ, որն էլ իր հերթին կբերի օրենքի համապատասխան պահանջի ապահովմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում