ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 5201 թեկնածու. Տիգրան Մուկուչյան
Նմանատիպ
Սեպտեմբերի 9-ին և 23-ին ՀՀ-ում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանի հաղորդմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի չորս գյուղերում, քանի որ երեք համայնքում ընդհանրապես թեկնածու չի առաջադրվել, իսկ մի համայնքում էլ թեկնածուներից մեկը մահացել է, հետևաբար պետք է նշանակվի նոր ընտրություն:
« Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 5201 թեկնածու, որոնք պայքարելու են թե՛ ավագանու, թե՛ համայնքապետի, թե քաղաքապետի պաշտոնների համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:
5201 առաջադրված թեկնածուներից 3236-ը անկուսակցական է, «Հանրապետությունից» առաջադրվել է 3, «Ժառանգությունից»՝ 8, ՀՀԿ-ից՝ 1444, ՕԵԿ-ից՝ 64, ՀՀՇ-ից՝ 18, ՀՅԴ-ից՝ 101, ԲՀԿ-ից՝ 304 թեկնածու:
Մուկուչյանի խոսքերով ամենամեծ համայնքը, որտեղ կայանալու են ՏԻՄ ընտրությունները, Գյումրին է’ 79 տեղամասով, իսկ ամենափոքրը Սյունիքի Քաշունի համայնքն, որն ունի ընդհամենը 19 ընտրող: Ի դեպ, Գյումրիում բացի քաղաքապետի պաշտոնից, կայանալու են նաև Գյումրիի ավագանու անդամների ընտրություններ, որին կմասնակցի 77 թեկնածու:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Ախթալայում, Գյումրիում եւ Կապանում տեղի ունեցած միջադեպերին’ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ դրանք մասնավոր դեպքեր են, որոնք պետք է մանրակրկիտ քննություն ստանան և չեն կարող ստվերել ընտրական գործընթացը: