ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում
Նմանատիպ
Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում
Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել և պետք է որոշենք մեր անելիքները:
Առաջինը, որ միանշանակ է և արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է:
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ’ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու:
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը:
Չորրորդ, կարծում եմ’ ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի:
Հաջորդը՝ ես կարծում եմ, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, և իմ համոզմամբ, նաև արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Հունգարիայի իշխանությունները պետք է հասկանան, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, և որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք:
Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից: Սա շատ վատ հանգամանք է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում