ԱՄՆ Պետքարտուղարություն. Ադրբեջանից բացատրություններ ենք ակնկալում
Նմանատիպ
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելու և այնտեղ ներում շնորհելու առնչությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը:
Ինչպես տեղեկացնում է Panorama.am գործակալությունը, հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է այն նորության կապակցությամբ, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Հունգարիայից փոխանցվելուց հետո այսօր ժամանել էր Բաքու: Սաֆարովը հունգարական բանտում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար:
Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանին այս քայլի առնչությամբ և ակնկալում ենք բացատրություններ: Մենք նաև լրացուցիչ տեղեկություններ ենք ակնկալում Հունգարիայից՝ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման առնչությամբ:
Մենք դատապարտում ենք տարածաշրջանային լարվածությունը սրող ցանկացած գործողություն»: