Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա առիթով

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի’ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին:

Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր մտածողությամբ գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում’ դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:

Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին’ մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամենօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի’ մարդկային ռեսուրսի զարգացումը:

Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին’ մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերաարժևորման տարի:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում