Չհաջողված բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց

Օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած հանցագործ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հունգարական բանտից հետ ուղարկվեց Ադրբեջան: Մարդասպանը 2004-ին ցմահ դատապարտվել էր Բուդապեշտում, սակայն Բաքու հասնելուն պես Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը Սաֆարովին ներում շնորհեց: Այս իրադարձությունը հարուցեց հայ ազգի արդարացի զայրույթն ու հենց երեկ երեկոյան բողոքի ինքնաբուխ ակցիա եղավ Երեւանում Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց: Մարդիկ այնտեղ էին եկել լոլիկներով:

Երեկ երեկոյան սոցցանցերում հայտարարություն տարածվեց այսօր՝ սեպտեմբերի 1-ին եւս բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց, այնուհետեւ շարժվել դեպի Երեւանում Հունգարիայի հյուպատոսարան: Դեռ երեկ երեկոյան որոշ մարդիկ կրկին փորձեցին ներքին կուսակցական շահերին ծառայեցնել խնդիրն ու վեճեր սկսվեցին, թե ցույցը հատկապես որտեղ պիտի արվի:

Ինչեւէ, ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնությունը կողմ արտահայտվեց այսօր ժամը 12:00 հավաքվել ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց, այնուհետեւ շարժվել դեպի Հունգարիայի հյուպատոսարան: Ցուցարարները նաեւ պահանջագրեր են պատրաստել:

Հյուպատոսարանի դիմաց ավելի վաղ հավաքված քաղաքացիներն իրենց հետ պաստառներ ունեն, օրինակ, «Հունգարիա, դավայ դասվիդանիա» բովանդակությամբ: Նրանք նաեւ ասում են, որ հյուպատոսարանի տարածքը «տրվում է վարձով»:

Մի խումբ ընդդիմադիրներ էլ, կրկին կուսակցականացնելով խնդիրը, փորձել են բողոքի ակցիա կազմակերպել ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց: Սակայն ինչպես տեսնում ենք լուսանկարից, այնտեղ հավաքվել են մի քանի մարդ միայն: Իսկ հիմնական ակցիան հենց հյուպատոսարանի դիմաց է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում