Հայ-ադրբեջանական կիբերպատերազմն ակտիվացել է

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջան էքստարադիցիայի ենթարկելու փաստը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը խզում է իր դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ: Այս փաստի առնչությամբ իր մտահոգությունն են հայտնել նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և մի շարք կոնգրեսականներ՝ պարզաբանումներ պահանջելով Ադրբեջանի և Հունգարիայի իշխանություններից:

Լարվածությունը հատկապես զգալի է համացանցում: Ակտիվ կիբերպատերազմ է ընթանում տարբեր սոցկայքերի հայ և ադրբեջանցի օգտատերերի միջև, ինչպես նաև արդեն հայտնի են հաքերային մի շարք հարձակումների մասին: 

Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել էր ադրբեջանական econews.az և Ադրբեջանի նախագահի պաշտոնական president.az կայքերը՝թողնելով «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը:

Ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան կոտրվել էր Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը, որն այժմ արդեն վերականգնվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում