Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ է տոնել. Արդեն հայտնի են նաև 5-րդ տուրի մրցակիցները
Նմանատիպ
Թուրքիայում ընթացող շախմատի 40-րդ Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տոնել Ֆիլիպինների թիմի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը 4-րդ խաղատախտակի վրա հաղթել է Օլիվեր Դիմակիլինգին, իսկ Ուեսլի Սո-Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան-Օլիվեր Բարբոսա և Մարկ Պարագուա-Վլադիմիր Հակոբյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:
Այսպիսով՝ հայ շախմատիստները մրցապայքարը շարունակում են միավորների առավելագույն քանակով:
Իսկ կանանց Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվել է Ադրբեջանի թիմին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը զիջել են համապատասխանաբար Զեյնաբ Մամեդյարովային ու Թուրքան Մամեդյարովային: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել Գուլնար Մամադովայի նկատմամբն, իսկ Մարիա Կուրսովան ոչ ոքի է խաղացել Խայալա Իսգանդարովայի հետ:
Նշենք, որ արդեն հայտնի են օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականների մրցակիցները: Տղամարդկանց ընտրանին կպայքարի Ուկրաինայի ընտրանու դեմ՝ Լևոն Արոնյան – Վասիլի Իվանչուկ, Սերգեյ Մովսեսյան – Ռուսլան Պոնոմարիով, Վլադիմիր Հակոբյան – Անդերյ Վոլոկիտին, Գաբրիել Սարգսյան – Պավել Էլյանով կազմով:
Իսկ կանանց մրցամարտում հայ շախմատիստուհիներն իրենց ուժերը կչափեն Անգլիայի ընտրանու հետ հետևյալ կազմով՝ Անյա Քորք – Էլինա Դանիելյան, Սառա Հեգարթի – Լիլիթ Մկրտչյան, Սաբրինա Չևանս – Մարիա Կուրսովա, Քանվալ Բաթիա – Աննա Հայրապետյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում