Սաքունցի, Սաֆարովի ու Թումանյանի մասին
Նմանատիպ
Սաֆարովի ազատման լուրն ու դրան հաջորդած իրադարձությունները շատ արագ դարձան հայ հասարակության քննարկման հիմնական թեմաներից մեկը: Բնական է, որ նման տեղեկատվական առիթը չէր կարող վրիպել տարբեր հասարակական, քաղաքական ուժերի ուշադրությունից, ինչի արդյունքում այդ իրադարձությունը աստիճանաբար վերածվում է քաղաքական քարոզչության դետալի:
Սաֆարովի ազատման թեմային անդրադարձել է նաև ոմն Կարեն Թումանյան, որը հանդես է գալիս որպես Վանաձորի քաղաքապետի թեկնածու: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խիստ քննադատական խոսքերով է անդրադարձել Հունգարիայի և Ադրբեջանի մասին: Բնական է, որ ինչպես ցանկացած այլ քաղաքացի, Թումանյանը նույնպես կարող է իր կարծիքը հայտնել, սակայն կա մի հանգամանք, որը հավատ չի ներշնչում նրա անկեղծ մղումների նկատմամբ:
Կարեն Թումանյանը հանրաճանաչ Արթուր Սաքունցի ընկերն ու իրավաբանն է, այն նույն Սաքունցի, որը հայտարարել էր, թե հակաիրավական կամ նույնիսկ մարդու իրավունքների տեսակետից որևիցե պրոբլեմ չի տեսնում նրանում, որ Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, այն նույն Սաքունցի, որը Վանաձորում փորձում էր ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել։
Ավելին, Կարեն Թումանյանը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության հետ կապված գործընթացներում՝ հանդես գալով որպես Սաքունցի իրավաբանը:
Այքանից հետո կարելի է ենթադրել, որ Սաֆարովի հետ կապված դեպքերի համատեքստում Թումանյանի մոտ առաջացած «հայրենասիրությունը» միայն քաղաքական, քարոզչական դիվիդենտներ շահելու նպատակ ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում