Քաղաքական փորձարկումներ Վանաձորում

Հայաստանում գործող և «քաղաքացիական հասարակության» առաջամարտիկներ ներկայացող մի շարք կազմակերպություններ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացրել իրենց գործունեությունը նաև քաղաքական ոլորտում: Նախկինում բնապահպանական, գենդերային, բանակի և այլ խնդիրներով զբաղվող անձինք ներկայումս դարձել են երկրի քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից, ինչը չի կարող կասկածներ առաջացնել նրանց նախկին գործունեության վերաբերյալ: Ավելին՝ տպավորություն այնպիսինն է, որ հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում հայտնված նրանց «բացահայտումներն» ու «անզիջում պայքարը» քաղաքական դաշտ մտնելու նախապատրաստական փուլն էր: Իհարկե, ոչ ոք չի կարող մեղադրել ՀՀ քաղաքացիներին քաղաքականությամբ զբաղվելու համար, սակայն գործառույթների հստակեցում այնուամենայնիվ կարելի է պահանջել:

Հասարակական գործունեությունից քաղաքական դաշտ է անցել նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որն իր թիմակիցների հետ միասին քաղաքականացնում են ցանկացած հարց՝ սկսած բանակի խնդիրներից, վերջացնելով Սաֆարովի արտահանձնմամբ: Սակայն քարոզչական այս գործունեությանը դեռ կարելի է համակերպվել, ինչը չի կարելի ասել այն փորձարկումների մասին, որոնք Սաքունցն ու իր կողմնակիցները իրականացնում են մեր երկրում:

Վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում Սաքունցը ասել է, թե «Հարսնաքարը» մեր այսօրվա իրավիճակի տիպիկ ինդիկատորն է: Խոսելով Վահե Ավետյանի սպանությանը հետևած գործընթացների մասին նա եկել է պետականության ավարտի մասին եզրակացության, հավասարության նշան դրել հայ և ադրբեջանցի ազգայնականների միջև և այլն: Սակայն եթե մի կողմ դնենք Սաքունցի պոպուլիզմը, ապա քննության թեմա կարող է լինել միայն «ինդիկատորներ» փնտրելու նրա սովորույթը: Ընդ որում դժվար չէ հասկանալ, որ այդ «ինդիկատորները» վաղը դարձյալ վերածվելու են քաղաքական գործոնների՝ ճանապարհ բացելով ավելի մեծ փորձարկումների համար: Իսկ այսօր այդ փորձարկումներն դեռևս իրականացվում են տեղային մակարդակում: Օրինակ, նույն Վանաձորում, որտեղ սեպտեմբերի 9-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այստեղ Սաքունցի թիմը ներկայացված է ի դեմս երիտասարդ փաստաբան, «Պուպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Կարեն Թումանյանի: Վերջինս երկար համագործակցել է Հելսինկյան Քաղաքացիական Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի հետ, հանդիսանում է նրա ընկերը, «մարտական կնքումը» ստացել Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձի ժամանակ: Մի խոսքով վստահելի և «հեռանկարային» երիտասարդ է, որն այսօր պայքարում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար: Ճիշտ է, հաղթանակի հույս գրեթե չկա, բայց այս պարագայում կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ «ինդիկատորների» գործոնն ու ընտրական գործընթացներին մասնակցելու փորձը, որը կարող է օգտագործվել ապագայում: Ըստ էության, սա ոչ թե ընտրություն է, այլ հերթական փորձարկում, որի փորձադաշտն այսօր Վանաձորն է:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում