«Առավոտ». Ադրբեջանի հասարակությունը հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում. խմբագրական

«Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիևը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձև անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն: Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինբնահաստատվում և կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով: Կայանալ անմեղ, անպաշտպան արյան վրա’ դա, կարծում եմ, որոշակի ավանդույթի շարունակությունն է: Վստահ եմ, որ կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց դա դուր չի գալիս: Բայց հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ռեժիմը’ նրանց ձայնը լսելի չէ: Եվ հետո’ այդ մարդիկ կազմում են «ճնշող փոքրամասնություն». եթե նրանք փորձեն գոնե թեթևակի դատապարտել Սաֆարովի, իսկ այնուհետև Ալիևի քստմնելի վարքագիծը, «հայրենասերներն» այնպես «վրա կտան», որ նրանք կփոշմանեն իրենց ասածի համար:
Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում և ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում: Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու և նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են՝ բարեբախտաբար, ոչ զանգվածային: Նախ’ ահաբեկչությունը, որպես հուսահատ քայլ, որոշ դեպքերում բացատրելի է, երբ դու պետություն չունես: Բայց մենք ունենք պետություն’ իր դիվանագիտական և հատուկ ծառայություններով, որոնք, ճիշտ է, այս պատմության մեջ իրենց շատ վատ են դրսևորել: Երկրորդ’ սպանությանը սպանություն հակադրելով’ դու կորցնում ես այն առավելությունը, որը, Ալիևի այդ անհաշվենկատ քայլի արդյունքում ստացել ես քարոզչության և դիվանագիտության մեջ: Հակառակը’ պետք է համբերատար հետևել, թե ինչպես է Սաֆարովը դառնում գնդապետ և գեներալ, ինչպես են նրան տալիս ազգային հերոսի կոչումը, և ինչպես են ադրբեջանցի աշուղները նրան նվիրում իրենց մուղամները: Քնած մարդուն կացնահարած «հերոսի» և նրա «սխրանքի» այդ սակրալիզացիան մեզ միանգամայն ձեռնտու է: Վերջապես, եթե մի բան ես որոշել անել’ արա, շատ մի խոսիր, թե չէ’ ստացվում է դատարկ հոխորտանք:
Սպանել պետք է ոչ թե Սաֆարովին ինչ-որ մի մութ անկյունում, այլ մարտի դաշտում նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր հողի, մեր սահմանների նկատմամբ, ներառյալ, բնականաբար, ԼՂՀ սահմանները’ անկախ նրանից, թե որ էթնոսին են այդ ոտնձգություն կատարողները պատկանում: Իսկ այն, որ հարևան երկրում հերոս է մի վախկոտ մարդ, որը կարողացել է «մենամարտել» միայն քնած հայի հետ, ինձ հուշում է, որ այդ երկիրը պատերազմում ոչ մի շանս չունի, հիվանդ հասարակությանը չի կարող պատերազմել: Ես կանհանգստանայի, եթե Ադրբեջանում շարժում սկսվեր’ ընդդեմ Սաֆարովին արդարացնելու»,-գրում է «Առավոտը» իր այսօրվա խմբագրականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում