«Հրապարակ». Նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ. խմբագրական
Նմանատիպ
«Ոչ մի կերպ չի հանդարտվում հայ հանրությունը’ Սաֆարովի էքստրադիցիայի և ներման ակտը հայի ներվին է կպել, հոգու ամենանուրբ լարերին, արժանապատվությանը: Լցրել է նրա համբերության բաժակը: Օդը լիքն է ազգայնականությամբ: Եվ միանգամայն բնական է, որ այս օրերին կորած-մոլորած, հեղինակազրկված տարբեր սուբյեկտներ ոտքի են ելել ու փորձում են պահն օգտագործելով’ ռեաբիլիտացվել կամ իրենց առաջիկա գործունեության համար ինդուլգենցիաներ շահել: Հասարակությունը չպետք է խաբվի նրանց կեղծ խոսքերին ու համընդհանուր շփոթի վիճակում չպետք է թույլատրի, որ սրանք խոսեն ազգի անունից: Ընդհանրապես’ ազգային հողի վրա հիստերիան ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ մեզ հետ: Հասկանալի է, որ էմոցիաները փոթորկվում են, և չափը պահպանելն ու ծայրահեղությունների մեջ չընկնելը բարդ է, բայց նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ: Այս էմոցիոնալ վիճակից հարկ է օգուտով դուրս գալ, այլ ոչ թե լրացուցիչ կորուստներով: Իսկ կորուստները կարող են շատ մեծ լինել: Ակնհայտ է, որ այս քայլով ադրբեջանական կառավարությունը պատրաստվում է պատերազմի: Նաև չի բացառվում, որ սրանով նաև սադրում է մեզ, որ պատերազմական գործողությունները սկսելու պատասխանատվությունը դրվի մեզ վրա: Այս օրերին մեզանում ամենուր հնչում են կոչեր’ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները դադարեցնելու մասին: Իրականում նման քայլը կնշանակի, որ մենք ընդունում ենք մարտահրավերը և բարձրացնում ենք Ադրբեջանի նետած ձեռնոցը: Իսկ պատերազմը, կարծում եմ, այն վերջին գործողությունն է, որից պետք է խուսափեն բոլոր ողջամիտ ժողովուրդները, քանզի ոչ մի պատերազմից և ոչ մի կողմ միանշանակ շահած դուրս չի գալիս»,-գրել է «Հրապարակն» իր այսօրվա խմբագրականում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում