Համաճարակ չկար, բռնկում էր. Արմեն Մուրադյան (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանում չկա սուր շնառական վարակների համաճարակ, իսկ տեղի ունեցածը բռնկում էր: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա հայտնեց, որ վարակի տարածումը դիտարկվել է որպես բռնկում և ձեռնարկվել են համապատասխան քայլերը:
«Որպեսզի կարողանանք կանխարգելել բռնկման վերածումը համաճարակի, առաջարկությամբ դիմեցինք Կրթության և գիտության նախարարությանը` երկարաձգելու գարնանային արձակուրդները: Նշեմ, որ հիվանդության դեպքերի գրեթե 80 տոկոսն արձանագրվել էր 0-18 տարեկան երեխաների շրջանում»,– ասաց Մուրադյանը:
Նախարարը հայտնեց, որ վարակի տարածումը կանխելու նպատակով փակվել են նաև ռիսկային մանկապարտեզները:
«Յուրաքանչյուր մանկապարտեզ այս օրերին եղել է խիստ հսկողության ներքո, արդյունքում ժամանակավորապես փակվել են 7 մանկապարտեզներ, որոնցից 5-ը Արագածոտնի, 1-ը` Տավուշի և 1-ը` Վայոց ձորի մարզերում: Փակվել են այն մանկապարտեզները, որոնց երեխաների շուրջ 25 տոկոսը վակարված են եղել սուր շնչառական հիվանդությամբ»,- ասաց Մուրադյանը:
Առողջապահության նախարարը նշեց, որ դպրոցական արձակուրդները երկարացնելուց հետո հիվանդանոց դիմելիության թիվը հանրապետությունում օրական 1900-ից կրճատվել է մինչև 1400-ի: «Կարծում եմ` այդ միտումն արդեն կլինի օրինաչափ»,– հավելեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում