Իգոր Մուրադյան. «Մինչ ԱԺ արտահերթ նիստը Հայաստանի վրա արտաքին ճնշում կգործադրվի»
Նմանատիպ
«Այժմ «բուդապեշտյան ստորության» իրադարձությունների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ազդանշաններ է հաղորդում, որ մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից եւ վերջապես կքանդի այն սարդոստայնը, որի մեջ հայտնվել է ողջ հայ ժողովուրդը իր համար լրիվ օտար շահերի արդյունքում: Մինսկի խմբի շրջանակներում հաստատված կանոնները ոչ մի կապ չունեին Հայաստանի համար դրական արտաքին քաղաքական հարաբերություններ ձեռք բերելու առումով», – Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո ստեղծված քաղաքական վիճակի մասին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Lragir.am կայքում հրապարակված «Հայաստանի ճակատագրական պահը» հոդվածում վերջինս գրում է, որ եթե մինչև սեպտեմբերի 5-ին նշանակված խորհրդարանի արտահերթ նիստը ոչ ոքի չհաջողվի համոզել Հայաստանի ղեկավարությանը դադարեցնել արդեն հայտարարվածի շարունակումը, ապա կարելի է հույս դնել ԼՂՀ ինքնիշխանության առավել արագ ճանաչման վրա, քան դա կարող է թվալ: «Մինսկի խումբն արդեն հասցրել է հայտարարել տառացիորեն, որ չնայած Հայաստանի շահերի նվաստացմանն ու կոպտորեն անտեսմանը, այն պետք է շարունակի բանակցությունները: Թերեւս, մնացած երկու օրվա ընթացքում Հայաստանի վրա արտաքին ճնշում է գործադրվելու արմատական քայլերից հրաժարվելու համար: Քաղաքական կուսակցությունները, առանձին քաղաքական գործիչներ ու հեղինակներ հանկարծ անհետացել են հորիզոնից՝ գերադասելով «ծիծաղել», հավանաբար, իրենք իրենց վրա: Լավ կլիներ, որ այս պահին ցույց տրվեր «ակտուալ քաղաքական գործիչների» եւ նրանց պոչերի իրական դեմքերը:
Եկել է բավական կարեւոր որոշման պահը՝ ուղղված երկրի քաղաքական ապագային եւ հետագա քաղաքական զարգացման հնարավորությանը՝ որպես ինքնիշխան պետություն: Քիչ թե շատ հստակեցված գնահատականների կողքին հեղհեղուկ ձեւակերպումներ են տրվում, իբր «դադարեցնել բանակցությունները, մինչեւ տականքը չվերադառնա Բուդապեշտ», ինչն ինքզինքը խաբելու փորձ է: Խնդրի դրվածքը պետք է լիովին այլ լինի. ղարաբաղյան թեման պետք է դադարի քննարկումների առարկա լինել: Դրանով Հայաստանն ընդունելի գործընկեր կլինի բոլոր գործընկերների համար, որոնք երկար տարիներ օգտագործել են այդ իրավիճակը հանուն իրենց շահերի: Բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել առկա իրողությունների հետ», – գրում է Իգոր Մուրադյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում