Արգենտինայի ԱԳ նախարար. «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից:

«Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա զարագացման համար: Հայաստանի և Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և կարևորել տարբեր բնագավառներում կապերի հաստատումը: «Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկությանն Արգենտինան դրականորեն կարձագանքի: Այդ կամքն առկա է և մենք պետք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինյան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել և զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, գիտության և առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու և վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում