«Հայկական ժամանակ». Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից. Վարդան Ղուկասյան

 Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցի հիմնական մասը.

-Պարոն քաղաքապետ, ի՞նչ պատճառով չառաջադրեցիք ձեր թեկնածությանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, չէ՞ որ մինչ առաջադրման գործընթացի ավարտը խոսվում էր այն մասին, որ շրջանցելու եք ՀՀԿ-ի կայացրած որոշումը և հանուն գյումրեցիների առաջադրելու եք ձեր թեկնածությունը:
-Օօօօօ, ինչդ ըսեմ, ուրեմն’ որոշակի ժամանակ դուրս ենք գալիս քաղաքականությունից:
-Ինչո՞ւ, դու՞ք այդպես որոշեցիք, թե՞ ձեր փոխարեն այդպես որոշել էին:
-Չէ, ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչև հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ:
-Բայց, պարոն Ղուկասյան, չէ՞ որ դուք ասում էիք՝ ժողովուրդը ձեզ շատ է սիրում, ու ձեր փոփոխությունը շատ ծանր կտանեն գյումրեցիները, ինչո՞ւ չառաջադրվեցիք հանուն գյումրեցիների:
-Մի քիչ համբերեք, համբերեք ու կիմանաք:
-Այսի՞նքն:
-Էդպես է ասում Աստվածաշունչը. ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք, դեռ երիտասարդ եք:
-Լավ, իսկ ընթացող ընտրական քարոզարշավի մասին ի՞նչ կասեք:
-Դե նորմալ, է էլի, նորմալ ընթանում է քարոզարշավը, կարևորը’ հանգիստ է:
-Ձեր կարծիքով, Գյումրու քաղաքապետի թեկնածուների միջև ինչպիսի՞ ընտրապայքար կծավալվի, հիմնական մրցակիցները ովքե՞ր են:
-Ես ի՞նչ գիդեմ, կարո՞ղ է’ գուշակ եմ, օր գուշակեմ, գնացեք էդ մասին գուշակներին հարցրեք, էղա՞վ:
-Վերջերս ձեր ընտանիքին պատկանող սպասարկման օբյեկտներում, ռեստորաններում ու նաև ձեր բնակարանում ոստիկանական խմբերը խուզարկություն իրականացրին, ի՞նչ պատճառով:
-Դե՛, չէի ասի’ խուզարկություն, բայց այդ ամենը համաձայն օրենքի էր, ինչ-որ խնդիրներ կային:
-Նկատի ունեք’ օրերս Գյումրիով հնչած կրակոցները, աղմկահարույց այդ դե՞պքը, որի մեջ մեղադրում են նաև ձեր որդուն’ Սպարտակին:
-Ճիշտն ասած, ես չգիտեմ’ կրակոցներ եղել են, թե ոչ, դա իրավապահները պետք է պարզեն:
-Բայց չէ՞ որ ներկայումս ձեր որդուն են փնտրում, հետախուզում է հայտարարված նրա նկատմամբ, ու իրավապահներն արդեն հաստատել են, որ նա է եղել օգոստոսի 24-ին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ղեւղքի հիմնական դերակատարներից մեկը:
-Հետագայում ցույց կտա, գործընթացը ցույց կտա, փնտրում են, թե չեն փնտրում, ինչ է լինելու, իսկ ովքեր որ խախտել են օրենքը, պատասխան են տալու, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են, սկսած ինձանից, վերջացրած ձեզանով:
-Այս պարագայում դուք Սպարտակին մեղավոր համարո՞ւմ եք:
-Այս պարագայում եթե անունը արծարծվում է, այո, մեղավոր եմ համարում, եթե անունը արծարծվում է:
-Վերջին օրերին խոսվում է նաև, որ ձեր թիմակիցների թիվն օրեցօր նվազում է, ըստ ձեզ’ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իյա… Ո՞վ է ըսել, որ էդբիսի բան կա, իմ թիմակիցները իմ կողքին են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում