«Առավոտ». Լեւոն Չուգասզյանը դատապարտում է ՀՀ ԳԱԱ-ի որոշումը

ԵՊՀ Հայ արվեստի պատմության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ , արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանել է ՀՀ գիտությունների ակադեմիայի քայլը.այն հայտնի պատճառներով կասեցրել է է իր փոխհարաբերությունները Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետ, հայտարարելով. «Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների’ Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին’ դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի»: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

Անվանի գիտնականը, սակայն դատապարտում է ՀՀ ԳԱԱ այս քայլը:

«Իմ կարծիքն այն է, որ պետք է կայուն համագործակցություն զարգացնենք զանազան երկրների գիտնականների հետ, մանավանդ այն երկրների, որտեղ ունեցել ենք գաղթօջախներ: Այդ երկրները դարեր շարունակ ապաստան են տվել օտարի լծի տակ հեծող հայրենիքից արտագաղթող մեր հայրենակիցներին եւ նրանք իրենց ավանդն են մուծել այդ երկրների կյանքում, տվյալ դեպքում նաեւ Հունգարիայում: Բազմաթիվ հունգարացիներ ջերմ զգացումներ ունեն մեր երկրի եւ ժողովրդի հանդեպ, ինչպես կարելի է սեպ խրել կամ անջրպետ գոյացնել բարեկամ ժողովուրդների մեջ »,-ասում է Չուգասզյանը:

Նրա համոզմամբ. «Փոխանակ այս պահին Հունգարիայի կառավարության դեմ դնելու հայերի ավանդը այդ երկրում եւ կառավարողներին որակելու իբրեւ տգետ այս փաստերի հարցում ու եղբայր ժողովուրդների թշնամացնող, մեր ակադեմիան իրեն դրսեւորում է իբրեւ հայ ժողովրդի պատմությանն անտեղյակ եւ ազգային անհեռատես քաղաքականություն իրականացնող մի հակագիտական հիմնարկ: Սա գալիս է նրանից, որ մեր ակադեմիայի ղեկավարության մեջ հայտնվել են հայագիտության հարցում ոչ բավարար պատրաստվածություն ունեցող անձինք: Չի կարելի րոպեի ազդեցության տակ ընդունել տաքգլուխ, անլուրջ որոշումներ եւ խաղալ գիտությունների ազգային ակադեմիայի հեղինակության հետ: Այդ որոշումը չի կարող արտահայտել Հայաստանի գիտնականների միահամուռ կարծիքը եւ դառնալ նրանց բոլորի որոշումը:Դա ակադեմիայի ղեկավարության մեջ սողոսկած անարժան մարդկանց ոչ բավարար հայագիտական պատրաստվածության ու քաղաքական մտածողության մակարդակն է արտահայտում»,-գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում