ԱԺ պատգամավորները հստակ և կոշտ արձագանք են պահանջում հունգարա-ադրբեջանակն խայտառակ գործարքին
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում այսօր քննարկվել է 2004 թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու կապակցությամբ հայտարարության ընդունման հարցը: Պատգամավորները ներկայացնում են իրենց տեսակետներն ու առաջարկները հայտարարության առնչությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ առկա է հնարավորություն դիմելու միջազգային տարբեր կազմակերպություններին մոնիտորինգ անցկացնելու գործարքի ֆինասական մասով: Նա անհրաժեշտ համարեց Եվրանեսթի առջեւ բարձրացնել Ադրբեջանի պահվածքը դատապարտելու խնդիրը: Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Մինսկի խմբի նկատմամբ եւս պետք է որոշ դժգոհություն արտահայտնել’ որպես պատասխանատու կազմակերպություն, որը հավասարչափ դիրքորոշում է ցուցաբերում:
Պատգամավոր Արտաշես Գեղամյանը նշեց, որ միջազգային հանրությունը վիզային պատժամիջոցներ պետք է սահմանի Ադրբեջանի նկատմամբ եւ սառեցնի այն պաշտոնյաների հաշիվները, որոնք ներգրավված են եղել այդ ամոթալի գործարքում:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշեց, որ հայտարարությունում խոսք չկա Հայաստանի՝ որպես ԼՂՀ անվտանգության ապահովման երաշխավորի մասին։ Նա նշեց, որ խոսք չկա նաև ՆԱՏՕ-ին դիմելու մասին. արդյո՞ք դրա անհրաժեշտությունը չկա։ Բացի այդ, պատգամավորի կարծիքով, պետք է փաստաթղթում իր տեղն ունենա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ձևակերպումը, քանի որ բոլորը գիտեն, որ այդ գործարքում իր դերակատությունն է ունեցել նաև Թուրքիան։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ իրավական ձևակերպումները կշտկվեն, իսկ մնացած հարցերում խնդիրը փաստն արձանագրելն է և դրանով միջազգային հանրության ուշադրությունը տեղի ունեցածին հրավիրելը։
Ինչ վերաբերվում է ԼՂՀ անվտանգությանը, ապա Զաքարյանի խոսքով՝ այդ մասին բազմիցս է խոսվել, իսկ ԼՂՀ ճանաչման մասին ձևակերպումները փաստաթղթից դուրս է մնացել, քանի որ ԼՂՀ-ն ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ դա ՀՀ դիրքորոշումն է, որը և խոսում է ԼՂՀ անվտանգության ապահովման մասին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրն էլ, ըստ Զաքարյանի, իմաստ չունի ներառել փաստաթղթում, քանի որ այդ դեպքում պետք է նաև հիմնավորումներ բերել, ինչի դեպքում՝ ուշադրությունը կշեղվի փաստաթղթի հիմնական նպատակից։ Բացի այդ, ընդունվելիք հայտարարությամբ պետք է պահպանել ԼՂ բանակցային գործընթացում ՀՀ ձեռքբերումները և չխաթարել տարածաշրջանային կայունությունը։
«Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն էլ նորից բարձրացրեց ԼՂՀ ճանաչման խնդիրը, և ցանկացավ ճշտել, թե ի՞նչ փաստարկների հիման վրա չի արվում այդ քայլը:
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի խոսքով’ այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:
Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:
Կարեն Ավագյանն առաջարկեց դիմել ՄԱԿ-ին կասեցնելու Ադրբեջանի ներկայությունը: Նա տեղեկացրեց,որ ՀՀԿ երիտասարդական կառույցը չի մասնակցի Բուդապեշտւմ կայանալիք նախօրոք պայմանավորված երիտասարդական ծրագրերին:
Պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով’ սա սովորական գործարք չէ, նման է Ֆրանց Ֆերդինանտի սպանությանը, որը հանգեցրեց Համաշխարհային պատերազմի:
«Ես չեմ ցանկանում խոսել Ադրբեջանի մասին, ես այս մասին կխոսեմ Եվրոպայի խորհրդում, ես նամակներ եմ հղել Եվրախորհրդարանի նախագահին, թե ինչպես էին ադրբեջանցիները’ Ամիրա Փաշաևևան, Այազ Գուլիևը, դիմավորում մարդասպանին. դա հստակ մեսիջ էր»,-ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում