«Հրապարակ». Մարզպետի մութ գործարքները բացահայտելուն օգնե՞լ է քաղաքապետը
Նմանատիպ
ԱԱԾ կազմակերպված գործողությունը, որի արդյունքում Կոտայքի մարզպետի տեղակալ Լևոն Միքայելյանը դպրոցներից մեկի տնօրենից կաշառք վերցնելու համար հայտնվեց ճաղավանդակի հետևում, մինչ օրս Հրազդանում ամենաքննարկվող թեմաներից է: Ոմանք հակված են այս պատմությունը դիտարկել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սրված հակասությունների ներքո: Իշխանական կուլիսներում պատմում են, որ Արամ Դանիելյանն է «օգնել» իրավապահներին բացահայտելու մարզպետի մութ գործարքները, ընդ որում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տարել: Նախ, օգտվելով իրավապահ մարմիններում մտերմական կապերից, նա արտահոսք է կազմակերպել իրավապահների համար, ապա դպրոցի տնօրենին, ով պետք է 40 դրամը ձեռքին մտներ Լևոն Միքայելյանի մոտ, հրավիրել է Հրազդանի իրեն պատկանող օբյեկտներից մեկը և մանրամասն բացատրել նրան, թե ինչպես է պետք գործել: Մարզպետարանին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը պատմում է, որ իրավապահներին տեղեկացնելուց հետո Հրազդանի քաղաքապետն իր մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանի միջոցով, որն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր անձի հանդեպ, անմիջապես տեղեկացրել է իշխանահաճո լրատվամիջոցներին, որպեսզի նրանք արագորեն տարածեն մարզպետի համար տհաճ լուրը: Մամուլի քարտուղարն էլ, հավաքելով լրագրողներին, ուշագրավ, սևացնող արտահայտություններ է արել նրանց ներկայությամբ մարզպետի մասին’ ասելով, որ Կովալն այնքան ագահ է, որ անգամ քաղաքի ծառերի կոտրտված ճյուղերն ենք ուղարկում Չարենցավան’ նրա որդուն պատկանող օբյեկտում խորոված անելու համար: Ալվինան նաև տրտնջացել է, որ Կովալենկո Շահգալդյանը չի վճարում տարածքի գումար այն շենքի համար, որտեղ նստում է, և որտեղ տեղակայված է նաև Հրազդանի քաղաքապետարանը: Մի անգամ էլ նա լրագրողներին անեկդոտ է պատմել Կոտայքի մարզպետի որդու’ Հակոբի մասին, որն իբր մինչ օրս չի տիրապետում փողկապ կապելու ձևին, և ամեն անգամ մարզպետ հայրիկը նրան այս կամ այն երկիր է ուղարկում միայն Արամ Դանիելյանի հետ, որպեսզի Հակոբն աչքը չգցի կազինոների կողմը: Արամ Դանիելյանի մամուլի քարտուղարի հակակրանքը Կովալի նկատմամբ սկսվել է այն բանից հետո, երբ Ալվինան ցանկացել է համատեղությամբ նաև մարզպետարանում աշխատանք ստանալ, բայց մերժվել է: Ի դեպ, Հրազդանի քաղաքապետ Դանիելյանն այս օրերին մեծ թափով սկսել է հողերի վաճառքներ կազմակերպել Հրազդանում, նաև որոշ նվիրատվություններ անել քրեական երկու հեղինակությունների, որոնք Դանիելյանին ընտրության օրը, որպես ջահել քաղաքապետի, աջակցել են: Սակայն նրա գլխավոր հավակնությունն այսօր մարզպետ դառնալն է, որի մասին Դանիելյանն արտահայտվել է պետական ապարատին մոտ կանգնած մարդկանց շրջապատում’ հավելելով, որ դրա համար պատրաստ է զոհողությունների: Հրազդանի բնակիչները, հատկապես նրանց սոցիալապես անապահով մասը, հաճույքով են քաղաքապետարանից արտահոսող ստվերային լուրերը քննարկում, քանի որ Արամ Դանիելյանը «հարուստների քաղաքապետն» է համարվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում