«Ժողովուրդ». ԲՀԿ-ն քննարկում է Ծառուկյանի առաջադրվելու սցենարը

Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարևորն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մե´րթ ընդդիմադիր է խաղում, մե´րթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մե´րթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր «քցվածությունը», մերձենում է Ռոբերտ Քոչարյանին:
Ու մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչւսրյւսնը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն արդեն կուլիսներում քննարկել և հաստատել է մի սցենար, որը, իհարկե, այդ կուսակցությունն առայժմ հրապարակավ ժխտում է: Սակայն, «Ժողովուրդի» ունեցած տեղեկություններով, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ Բալասանյան Սամվելն իրենց’ ՀՀԿ թեկնածուն է, ԲՀԿ առաջնորդը, հայտնվելով անհարմար վիճակում, որոշեց «վա բանկ» գնալ և առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Համենայնդեպս, Ծառուկյանը ՀՀԿ մի քանի «բերանբաց» երիտասարդների մոտ հաստատել է իր այդ մտադրությունը:
Բայց սա չի նշանակում, թե Ծառուկյանի կուսակցությունը «քաշում» է Քոչարյանին և չի կատարում նրա առջև ունեցած իր պարտականությունները: «Բարգավաճ Հայաստան» -ը երբեք չի կարող հեռու լինել Քոչարյանից, որովհետև սա նրա ստեղծած կուսակցությունն է և ամեն հարցում կատարում է քոչարյանական «դիրեկտիվները»: Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ այնքան էլ մեծ չեն իր հնարավորությունները նախագահական ընտրություններում, որ չունենալով համապատասխան քաղաքական և հանրային ռեսուրս’ ինքը կարող է պարտվել, ինչը նրա համար քաղաքական մահ կնշանակի: Ուստի առաջ է քաշվել «պահուստային» տարբերակը, որն առավել հուսալի է: Ըստ այդմ’ նախագահի թեկնածու կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Հանրության շրջանում նա քիչ թե շատ ունի հեղինակություն, մեծ ֆինանսական հնարավորություններ և վստահելի լծակներ’ հաղթանակի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում