Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագից հետո կանթեղներով երթ է լինելու

Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագից հետո կանթեղներով երթ է լինելու

Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այս երեկո կմատուցվի Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:  Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից տեղեկանում ենք, որ 19.30-ին՝  Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագից հետո, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդները կազմակերպելու են «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ: Այն կմեկնարկի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Երթի նպատակը մարդկանց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը փոխանցելն է:

Մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով շարականների ու հոգևոր երգերի կատարումներով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Այստեղ քարե գորգի վրա երիտասարդները ծաղկյալ խաչի տեսքով կկազմեն և ընդհանրական աղոթք կառաքեն առ Աստված:

«Հարության Ավետիս» քայլերթին կմասնակցեն Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամները, զինվորներ, ոստիկաններ և այլք: Նախաձեռնությունն առաջինը չէ, բայց այս տարի ավելի շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, ու ավելի մեծ խաչ է կազմվելու:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում