Ադրբեջանի ՊՆ-ը թաքցնում է ԶՈւ շարքերում սեփական կորուստները. «Խազար»

Ադրբեջանի ՊՆ-ը թաքցնում է ԶՈւ շարքերում սեփական կորուստները. «Խազար»

Ադրբեջանում արգելվում են ռազմական խնդիրների հասարակական քննարկումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV հեռեուստաալիքի կայքը, օրերս հրապարակած զեկույցում նման եզրակացության է հանգել ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute):

2015 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի արդյունքների հիման վրա «Խազար»-ը հայտնել է, որ զեկույցի պատրաստման համար օգտագործվել են ադրբեջանական ԶԼՄ-ների, ոչ կառավարական կազմակերպությունների, ուժային կառույցների հրապարակումները:Մոնիտորինգի արդյունքներով` 2015 թվականի անցած ժամանակաշրջանում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում ընդհանուր թվով մահացել է 19 զինծառայող, որոնցից 12-ը մարտական, 7-ը ոչ մարտական կորուստներ են:

Անցած ժամանակաշրջանում 5 զինծառայողներ վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել: Բոլոր մահացածները եւ վիրավորվածներն Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամիավորումների զինծառայողներ են:Ինստիտուտի հետազոտությունների համաձայն` անցյալ տարիների համեմատ, ադրբեջանական բանակում մարտական կորուստները կտրուկ աճել են:

Միեւնույն ժամանակ, կորուստների ընդհանուր թիվը խիստ աճել է նաեւ 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ: 2014 թ. առաջին եռամսյակում ադրբեջանական բանակի կորուստը կազմել էր 16 զինծառայող, ովքեր մահացել են ոչ մարտական պայմաններում: Ըստ «Խազարի»` հետազոտությունները ցույց են տալիս, որ մարտական կորուստների թվի աճի պատճառը շփման գծում լարվածության մեծացումն է, իսկ ոչ մարտական կորուստների թվի աճը` զինծառայողների միջեւ կանոնադրական հարաբերություններում ծագած խնդիրները:

«2015 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում 8 զինծառայող է կորցրել: Սակայն, ՊՆ կողմից հաստատված տեղեկությունների մոնիտորինգը վկայում է, որ առաջնագծում նվազագույնը 10 զինծառայող է զոհվել: Դրան հավելած` ՊՆ-ը վերաբերմունք չի արտահայտել մեկ զոհի վերաբերյալ», -նշել է «Խազարը»:

«Խազար»-ի հետազոտությունների համաձայն, ընթացիկ տարում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մահացած զինծառայողների իրական թիվը դեռեւս հայտնի չէ: ՊՆ-ից բացի մյուս ուժային կառույցներում տեղի ունեցող միջադեպերն ու իրադարձությունները հասարակությունից ամբողջությամբ թաքցվում են:

Ինչու՞ են թաքցվում զինվորների մահերը: Ըստ «Խազար»-ի, զինված ուժերում առկա իրավիաճակը, զինվորների մահերը հանրությունից թաքցնելու պատճառը հանրության հնարավոր հակազդեցության չեզոքացումն է:

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածը շարունակում է հաշվետու չլինել խորհրդարանի եւ հանրության առջեւ: ՊՆ-ին պատկանող տեղեկատվական կառույցները  ռազմական ծախսերի, անվտանգության եւ պաշտպանական հատվածում հանցագործությունների, զինվորների մահերի, կոռուպցիայի եւ կաշառակերության հետ կապված որեւէ տեղեկություն չեն հրապարակում: Այստեղ խոսքը ռազմական գաղտնիքի մասին չէ, այլ արդի չափանիշներին համապատասխան հանրության առաջ պարտադիր հաշվետվության, ինչը տեղեկատվական քաղց է ստեղծում հանրության շրջանում:

Բանը հասել է նրան, որ ՊՆ մամուլի ծառայությունը ստիպում է էլեկտրոնային էջերից ջնջել այն սակավաթիվ ԶԼՄ-ների` բանակում տեղի ունեցող մահերի մասին անգամ հատուկենտ տեղեկությունները, որոնք նրանց հասանելի են դառնում իրենց աղբյուրների միջոցով:«Խազար»-ը գրում է, որ իրենց մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ «ջնջված» տեղեկությունները վերաբերվել են 2015 թվականի առաջին եռամսյակում զինվորների մահերին, այսինքն, ՊՆ-ը չի ցանկանում, որ մամուլում լուսաբանվեն հատկապես ոչ մարտական կորուստները:

«Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի պետբյուջեի մոտ 20 տոկոսը կազմում են պաշտպանական ծախսերը, եւ այդ իմաստով ուժային կառույցների հանրության առաջ հաշվետու լինելը պարտադիր է: Սակայն, իրականում ուժային կառույցները, հատկապես, ՊՆ-ը զբաղված են խնդիրները, ապօրինությունները թաքցնելով», -ամփոփել է «Խազար»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում