Չեխիան նույնպես մտահոգված է ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու որոշմամբ
Նմանատիպ
Չեխիայի Հանրապետությունը մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ Հունգարիայում ցմահ ազատազրկված Ռամիլ Սահիբ Սաֆարովին ներում շնորհելու ու ազատ արձակելու որոշման կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի համար մեկնաբանել է Չեխիայի արտաքին գործերի նախարարության մամուլի դեպարտամենտի տնօրեն Վիթ Կոլարը:
«Չեխիայի Հանրապետությունն ամբողջովին կիսում է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը: Չեխիան կարծում է, որ Ադրբեջանի այդ քայլը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխվստահության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին եւ վտանգում է խաղաղ գործընթացը»,-ասված է մեկնաբանության մեջ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին:
Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում