Կառավարությունը հավանություն է տվել ՀԱՊԿ զորավարժության անցկացման նախագծին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին’ զարգացնելով այդ ուժերի կարողությունները, բարձրացնելով ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը’ առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։

ՀՀ նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում