Թուրք գործընկներներ, Գալիպոլիի բանակը 1918 ին պարտություն կրեց Սարդարապատում Է. Շարմազանով (տեսանյութ)

Թուրք գործընկներներ, Գալիպոլիի բանակը 1918 ին պարտություն կրեց Սարդարապատում Է. Շարմազանով (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ավելանում են այն միջազգային կառույցները, երկրները, որոնք  դատապարտում են ուղիղ 100 տաի առաջ մարդկության դեմ տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Միայն 5 կառույց վերջին մեկ ամսվա ընթացքում խստագույն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջերս Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը ընդունեց աննախադեպ պատմական որոշում: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա գնահտամամբ՝ սա նշանակում է, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներին, հին հունական ժողովրդավարական գաղափարներին և Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը դատապարտում է ոչ միայն Ցեղասպանությունը, այլև թուրքական ժխտողականությունը:

Շարմազանովը նկատեց, որ  այս ամենը չէր կարող անհետևանք մնալ. Կիպրոսի խորհրդարանի այս քայլը ջղաձգումների մեջ է գցել թուրքական քաղաքական ղեկավարությանը. «Պարոն Էրդողանը անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ՝ կարծում եմ, նույն նրանց համար, ովքեր մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին: Մարդն ասում է՝ հայերը իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի տոնակատարությունների հետ: Սա ցինիզմի ամենավերջին դրսևորումն է: Ես ցանկանում եմ իմ թուրք գործընկերներին մի բան հիշեցնել. պետք չէ շատ ոգևորվել Գալիպոլիով, այդ Գալիպոլիի բանակը ուղիղ երեք տարի անց՝ 1918թ. մայիսին Սարդարապատում խայտառակ պարտություն է կրել Հայոց առաջին Հանրապետության հայկական բանակի կողմից: Այնպես որ Գալիպոլիի վերջն էլ եղավ Սարդարապատում և ժխտողականության վերջն էլ է այդպես լինելու»,– եզրափակեց Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում