Իտալական մամուլն ադրադարձել է Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին (տեսանյութ)
Նմանատիպ
Իտալական Rome Reports հեռուստաընկերությունը պատրաստել է հատուկ ռեպորտաժ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հեռուսատատեսության հետ զրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հռոմի պապի` պատարագ մատուցելու համաձայնություն տալու փաստն արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Դեսպանը հույս է հայտնել, որ պատարագը չի քաղաքականացվի:
«Հայերի համար այս 100-րդ տարելիցը շատ չի տարբերվելու մեկ, երկու, հինգ, վեց, յոթ կամ անգամ 200 տարի հետո զգացածից: 100 տարի հայերն իրենց ներքին կռիվն են մղել անարդարության և անտեղյակության դեմ: Այս տարելիցը կարևոր է աշխարհի համար, հայերի համար, այս պահին, այն շատ բան չի փոխում, սակայն սա միջոց է աշխարհի համար՝ իմանալու ճշմարտությունը»,- ասել է ՀՀ դեսպանը:Երկու տարի առաջ Հռոմի պապը Կիլիկիայի պատրիարքի հետ զրույցում կատարվածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Դեսպան Միանսյանի գնահատմամբ` պատմությունը կրկնվում է. «Իրաքի և Սիրիայի քրիստոնյաները փրկության այն նույն ուղիներից են օգտվում, ինչ հայերը 100 տարի առաջ: Ինչո՞ւ: Որովհետև կառավարությունները մերժում են պատմությունը, խուսափում խոսել ճշմարտության մասին»,- ասել է նա:
Ռեպորտաժում նշվում է , որ կիրակի օրը մատուցվելիք պատարագից Հռոմի պապը պաշտոնապես Սբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի Եկեղեցու դոկտոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում