«Առավոտ». Մեծամասնության ծուղակը. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտն» իր այսօրվա խմբագրականում գրել է. «Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաև մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրկը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ’ հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետև ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում’ երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:
Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեր խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:
Կամ’ մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները’ եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, թան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»: Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին և բացականչես՝ «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, և մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին և «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի, ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:
…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է’ բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում էին կրակի վրա»: