«Ժողովուրդ». Իսագուլյանի հրաժարականի նախապատմությունը
Նմանատիպ
Երեկ առավոտյան, հրաժարական է տվել ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ուշ երեկոյան նախագահական նստավայրը հաստատեց այս տեղեկությունները’ հայտնելով, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, սակայն, սա Դալլաքյանի միակ պաշտոնը չէ. նա միաժամանակ լինելու է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ’ փոխարինելով Արա Գյուրջյանին: Միայն թե նախագահական նստավայրը երեկ այդ մասին լռում էր: Իսկ անձամբ Դալլաքյանից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, քանի որ նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Թերթը նշում է, որ Գառնիկ Իսագուլյանի փոխարեն Աժ-ում Դալլաքյանին նախագահի ներկայացուցիչ նշանակելու մասին վերջերս շատ էր խոսվում: Սակայն ամեն անգամ Իսագուլյանը հերքում էր այդ լուրերը:
Մինչդեռ, ըստ շրջանառվող լուրերի, Իսագուլյանի հրաժարականն ունեցել է ուշագրավ նախապատմություն: Նրան առաջարկվել է քաղաքականապես ակտիվանալ ու դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սակայն Իսագուլյանը, լինելով երկար տարիների փորձառու չինովնիկ, հրաժարվել է: Ըստ Աժ թերթի աղբյուրների Սերժ Սարգսյանը ցանկացել է նախագահական ընտրություններից առաջ «հասկանալ», թե իր շրջապատում «ով ով է», և իր կողքին գտնվող կադրերը հավատարիմ են իրեն, թե Քոչարյանին: Բացի այդ, այստեղ կա նաև մեկ այլ ենթատեքստ. սա, ըստ էության, իշխանության ռուսական ու անգլոսաքսոնական թևերի բախում էր’ արևմուտքի հաղթանակով: Ըստ շրջանառվող լուրերի’ չի բացառվում, որ առաջիկայում Իսագուլյանը հեռանա նաև ՀՀ կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնից: «Ժողովուրդի» տեղեկություններով’ Իսագուլյանն այսօր խորհրդարանում պատրաստվում է հրաժեշտի հանդիպում ունենալ Աժ խմբակցությունների հետ:
Մինչ այդ, սակայն, թերթը նկատում է’ տարիներ շարունակ ԱԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը բավական լավ գիտի Գ. Իսագուլյանին, նրա հնարավորություններն ու քաղաքական նկրտումները: Ասում են’ Իսագուլյանը նաև լուրջ տեղեկատվության է տիրապետում շատ ոլորտների ու մասնավորապես 2008թ. մարտի 1 -2-ի դեպքերի մասին, նա ողջ ընթացքում եղել է նախագահականում, նույնիսկ գիշերել այնտեղ: Ու հիմա չի բացառվում, որ այսքանից հետո Իսագուլյանը քաղաքական ակտիվություն դրսևորի’ հավակնելով ընդհուպ մինչև ՀՀ նախագահի պաշտոնին: Բացի այդ, Իսագուլյանը նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն է: