Տիգրան Սարգսյանը փորձում է վարկաբեկել Ծառուկյանին. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը անդրադարձել է «Իրատես դե ֆակտո» թերթի այն հրապարակումանը, որում ասված է, թե Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմում լինելու համար.

«Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք: Գագիկ Ծառուկյանն այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է: Նրա տեղը եւ դերը երկրում որոշում են այն կես միլիոն իրական ձայները, որ ԲՀԿ ստացավ խորհրդարանաակն ընտրություններում եւ այն սպասումները, որը հասրակաությունն ունի Ծառուկյանից:

Անցնենք բուն հարցին. գիտեք, կարծում եմ ժամանակն է, որ մենք խոսենք բաց եւ շիտակ, առանց «թերթերից մեկում» կամ «մի ինչ-որ թերթ» եւ նման անհասցե ձեւակերպումներից: Ես կարծում եմ, իրապես ժամանակն է, որ իրերը կոչենք իրենց անուններով: Թերթը, որի մասին դուք խոսում եք «Իրատես դե ֆակտոն» է, որի գաղափարական եւ ֆինասնական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն է:

Եվ այդ անձինք մեկ հստակ խնդիր ունեն, փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ, լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ:

Ի դեպ, սա ինչ-որ տեղ տրամաբանական է. երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները, գոնե ժամանակավորապես:

Տվյալ լրատվամիջոցում եւ իրենց «անաչառ» հորջորջող մի քանի այլ լրատվամիջոցներում ու կայքերում այդ երկյակը պարբերաբար եւ հետեւողականորեն պատվերներ է իջեցնում Գագիկ Ծառուկյանի դեմ, քանզի երկյակին հանգիստ չի տալիս Ծառուկյանի վարկանիշն ու մեծ ժողովրդականությունը, քանզի նրանց մեծապես անհանգստացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են տարվող խայտառակ եւ անարդյունավետ տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում արտագաղթի, աղքատության տեմպերը այլեւս լրջագույն վտանգ են երկրի ազգային անվտանգությանը, երկրի արտաքին պարտքի մտահոգիչ թվերը դարձել եւ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների քննարկման եւ մտահոգության առարկան: Երկիրը դատարկվում է, որովհետեւ մարդիկ իրենց հայրենիքում ապրելու հեռանկար չեն տեսնում եւ բնական է, որ այս ամենին ահա այս վարչապետի պատասխանը պետք է լիներ հետեւյալը’ մնան, որ հեղափոխությո՞ւն անեն:

Ուստի, եթե այդ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ եւ վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը եւս տեղեկանա այն այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը եւ մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ, գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց եւ հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված եւ մեր ժողովրդին տեւական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների եւ շատ ու շատ այլ բաների մասին:

Ամեն օր Աստծո անունը տալով եւ Նարեկացի ցիտելով հնարավոր չէ սեփական անբարո դիմագիծը փրկել: Ի դեպ, հիշեցնենք, որ ո՛չ քրիստոնեությունը, ո՛չ էլ որեւէ այլ կրոն չի ազատում երկրային կյանքում պատասխանատվությունից, հարյուր հազարավոր մարդկանց տառապանքի պատճառ դառնալու համար»,- հայտարարել է Տիգրան Ուրիխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում