Սոֆիայում տեղի է ունեցել բուլղարահայ թեմի 145-ամյակին նվիրված գիտաժողով

Սեպտեմբերի 3- ին Սոֆիայի Զինվորական պալատի սրահում տեղի ունեցավ Բուլղարահայոց Թեմի հիմնադրման 145-ամյակին նվիրված գիտաժողով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Նախադեպը չունեցող գիտաժողովն անցավ Բուլղարահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աբգար Վրդ. Հովակիմյանի նախագահությամբ, ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Տիկին Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայում ՀՀ դեսպան Տիար Արսեն Սհոյանը, Քույր Եկեղեցիների, Քրիստոնեական այլ հարանվանությունների, մահմեդական ու հրեական համայնքների ներկայացուցիչներ, Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոսներ, հայ և օտարազգի գիտնականներ:
Գիտաժողովը աղոթքով սկսելով’ Հոգեշնորհ Աբգար Վարդապետն ողջուեց ներկաներին ու հանդես եկավ բացման խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Տիկին Պողոսյանն ու Պարոն Սհոյանը:

Ներկայացված զեկույցներով ու քննախոսություններով անդրադարձ կատարվեց Բուլղարահայ համայնքի առաջացմանը, Բալկաններում հայկական ներկայությանը, Բուլղարահայոց Թեմի հիմնադրման նախադրյալներին, Բուլղարիայի ու բուլղար ժողովրդի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում հայ համայնքի դերակատարությանը, հայ- բուլղարական հարաբերությունների առանձնահատկություններին:
Գիտաժողովն ընթացավ հագեցած ծրագրով և ներկաների ակտիվ մասնակցությամբ:

Երեկոյան’ գիտաժողովի փակումից հետո, մասնակիցներն այցելեցին կառուցման փուլում գտնվող Սոֆիայի Սբ. Աստվածածին Եկեղեցի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում