Սիրիահայ համայնքը պահանջում է Հունգարիայից դատապարտել Ադրբեջանի՝ անմարդկային և հակահայկական քաղաքականությունը
Նմանատիպ
Սիրիահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները, չնայած Սիրիայում ներկայում տիրող ներքաղաքական դժվարին իրավիճակին, չեն զլացել կատարել իրենց ազգանվեր պարտականությունն ու իրենց բողոքն ուղղել Հունգարիայի դեսպանին՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի դատարանի վճռով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այդ երկրի նախագահի կողմից ներում շնորհելու, հերոսի պատվին արժանացնելու համար:
Սեպտեմբեր 6-ին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը, համայնքապետերն ու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներն այցելել են Դամասկոսում հավատարմագրված Հունգարիայի Հանրապետության դեսպանատուն, ասված է Դամասկոսի Ազգային Առաջնորդարանի դիվանի տարածած հայտարարության մեջ
Սիրիահայ պատվիրակությանն ընդունել են Սիրիայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Եանոշ Պուտայը: Տ. Յովսեփ և Տ. Արմաշ Սրբազան Հայրերը սիրիահայության անունից իրենց բողոքն ու ցասումն են հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կատարված գաղտնի գործարքի առնչությամբ, նկատելով, թե այդ գործարքը կատարվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի արյան գնով:
Սրբազան հայրերն, ի մասնավորի, շեշտել են՝ թե՛ հայ ժողովուրդը, թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի, և թե՛ Սիրիայի, վրդովված են կատարվածի առիթով՝ այն համարելով հայերի անվտանգությունը խաթարող սահմռկեցուցիչ քայլ:
Հունգարացի դեսպան Եանոշ Պուտայն իր հերթին ներկայացրել է Հունգարիայի իշխանության դիրքորոշումն այդ դեպքի կապակցությամբ:
Տ. Արմաշ սրբազան հայրը հունգարացի դեսպանին է հանձնել Հունգարիայի Հանրապետության նախագահ Տիար Եանոշ Ատերին ուղղված նամակը, որով սիրիահայ համայնքը պահանջում է Հունգարիայից եվրոպական պետությանը հարիր կեցվածք ընդունել և դատապարտել Ադրբեջանի՝ անմարդկային և հակահայկական քաղաքականությունը:
:
Հետևեք մեզ նաև Telegram-ում