ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միությունը նամակ է ուղղել երկրի նախագահ` կոչ անելով հետեւել խղճին եւ արդարությանը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Հայ իրավաբանների միությունը նամակ է ուղղել երկրի նախագահ Բարաք Օբամային’ ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջանին արտահանձնելու եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելու կապակցությամբ, այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով Asbarez-ին:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի նախագահ Օբամա. ողջունում ենք Ձեզ Հայ իրավաբանների միության անունից: Հայ իրավաբանների միության գործադիր խորհուրդը կիսում է ձեր խոր մտահոգությունը եւ վրդովմունքը’ կապված Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից Սաֆարովին ապօրինի ներում շնորհելու որոշման հետ: Ադրբեջանի իշխանությունների’ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ ձեր հիասթափության եւ մտահոգության հայտնումը’ հուսալի եւ ողջունելի լուր է մեզ համար, եւ մենք հույս ունենք, որ ձեր կողմից ավելին կասվի եւ կարվի: Մենք խնդրում ենք, որպեսզի դուք հետեւեք ձեր խղճին եւ արդարությանը: Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի որոշումը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հասնելու, լարվածությունը նվազեցնելու եւ հաշտեցման խթանմանն ուղղված Ձեր եւ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը: Եվ քանի որ դուք հիշեցնում եք աշխարհին, որ ԱՄՆ-ն ազատության եւ ժողովրդավարության երկիր է, մենք ձեզ խնդրում ենք ժամանակ գտնել անդրադառնալու այն հարցին, թե ինչպե՞ս կարող են նման որոշումներ կայացվել: Մենք կոչ ենք անում ձեզ, թույլ տալ աշխարհին’ տեսնելու ձեր մեջ այն խիզախ առաջնորդին, ում համար արդարությունը վեր է ամեն ինչից»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ հայ սպաին սպանելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտաքսման ենթարկվեց Ադրբեջան, որից հետո էլ այդ հանրապետության նախագահը ստորագրեց նրան ներում շնորհելու մասին հրամանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում