Քաղաքապետ Տ. Մարգարյանը շրջայց է կատարել Շենգավիթ շրջանում

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները, այգիներն ու պուրակները: Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Շողակաթի զբոսայգին: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի կայք-էջը:

Շենգավիթցիների հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը, երկար տարիներ մատնված լինելով անուշադրության, գործնականում կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանձնարարել էր մշակել զբոսայգու համալիր բարեկարգման ծրագիր և այն ներառել այս տարվա զարգացման ծրագրերի շրջանակում:

Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքն ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար:

Զբոսայգին նաև ձևավորվել է ծաղկային կոմպոզիցիաներով ու գեղեցիկ արձանիկներով: Բացի այդ, տեղադրվել են նստարաններ և կառուցվել բաց և փակ զրուցարաններ: Զբոսայգու համալիր բարեկարգման շրջանակում հիմնանորոգվել և գործարկվել է նաև շատրվանը:

Բնակիչների հետ շրջելով ու ծանոթանալով զբոսայգում ստեղծված հարմարություններին’ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանի ղեկավարին կատարած աշխատանքների համար:

Լրագրողների հարցերին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ բակային տարածքների, այգիների և պուրակների բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:

<<Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի և ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում արդեն հասցրել ենք մեր բնակիչների տնօրինմանը հանձնել Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջանների համանման կենտրոնները: Այսօր էլ հանձնեցինք Շենգավիթինը: Հաջորդը կլինի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները, և մոտ մեկ ամսից այն ևս կհանձնենք շահագործման>>, – նշել է Տարոն Մարգարյանը:

Մասնավոր հատվածին այս աշխատանքներում ներգրավելու հարցին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես բաց և պատրաստակամ է քննարկելու և ընթացք տալու մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների մասնակցության առաջարկներին:

<<Մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործարարներին մասնակցություն ունենալ ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման գործում: Ի պատիվ նրանց, նաև հարկ է նշել, որ արդեն որոշ վարչական շրջաններում նրանք լուրջ մասնակցություն են ունենում տարածքների բարեկարգման հարցում>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց գոհունակությունը, քաղաքապետը հորդորել է խնամքով վերաբերվել տարածքին ու պահպանել այն:

Վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև զբոսայգու հարակից տարածքում տեղակայված <<Փրկություն>> հաշմանդամ երեխաների ՀԿ, որի շենքը ավագանու վերջերս կայացրած որոշմամբ կազմակերպությանն է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախորդ շրջայցի ժամանակ իրենց կողմից բարձրացված այդ խնդրանքին արագ լուծում տալու համար’ կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը նաև հավելել է, որ դրան զուգահեռ կարգավորվել է նաև կենտրոնի շենքում թեքահարթակների ներկառուցման խնդիրը: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները մշտապես կլինեն քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Շարունակելով շրջայցը’ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Արշակունյաց 135 և Մայիսի 9-ի 51 շենքերի բակեր: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել և բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաև վերոնշյալ հասցեների բակային տարածքները, որոնք կահավորվել են խաղային ատրակցիոններով ու զրուցարաններով: Վերջին բակում կառուցվել է նաև ֆուտբոլի մինի դաշտ:

Լսելով բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունները’ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերվել կատարած աշխատանքին և հավելել է, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական’ վստահեցնելով, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չեն մնա անբարեկարգ բակեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում