Լույս է տեսել Times.am պարբերաթերթի առաջին համարը

Սեպտեմբերի 7-ին լույս է տեսել Times.am պարբերաթերթի առաջին համարը: Ութ էջանոց այս հրապարակումը տպագրվել է 10 հազար օրինակով: Ինչպես նշում է Times.am-ի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը, թերթը բաժանվելու է անվճար: Տպաքանակի մեծ մասը տարավելու է ՀՀ մարզերում, Արցախում, Ջավախքում և հայկական գաղթօջախներում:

«Մեր նպատակը պարզ և հստակ է՝ հնարավորինս շատ մարդու հասցնել այն գաղափարներն ու մտքերը, որոնք ծնվում և զարգանում են կայքի խմբագրությունում», – Times.am-ին ասել է Մելիք-Շահնազարյանը: «Իհարկե, թերթ հրատարակելու որոշումը մեզ հեշտ չի տրվել: Հասկանում եմ, որ լրատվության ոլորտում ապագան համացանցինն է: Եվ մինչ ուրիշները հրաժարվում ենտպագիր մամուլից, մենք որոշեցինք կայքին զուգահեռ ունենալ նաև համանուն թերթը: Դա հնարավորություն կտա տեղեկատվությունն հասցնել նաև այն քաղաքացիներին, ովքեր մինչ օրս չեն կարող օգտվել համացանցի բարիքներից: Բացի այդ, վստահ ենք, որ տպագիր խոսքը շարունակում է ավելի լուրջ ընկալվել հանրության կողմից: Իհարկե, սա ենթագիտակցորեն է նստած մեր ժողովրդի մեջ, բայց սնկի պես օր օրի աճող լրատվական կայքերը, ցավոք, մեր քաղաքացիներին այլ հնարավորություններ չեն թողնում», – նշել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով թերթի անվճար լինելու փաստի մասին՝ քաղաքագետը նշել է, որ լրատվական գործունեության ընթացքում բիզնես նպատակներ չի հետապնդում: «Փա՛ռք Աստծո, այսօր մենք ունենք հասարակությանը որակյալ և հավասարակշռված գնահատականներ ներկայացնելու հնարավորություն և մեր քաղաքացիական պարտքն է լիարժեք օգտվել այդ հնարավորություններից: Ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի Times.am-ը այս կամ այն քաղաքական գործչի, օլիգարխի կամ չինովնի քարոզչական գործիքը դառնա: Ավելի լավ է ընդհանրապես չզբաղվել լրատվությամբ, քան լինել այնպիսին, ինչպիսին մեր լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունն է: Վստահ եմ, որ մարդիկ կգնահատեն մեր ազնվությունն ու անաչառությունը, ինչն էլ հետագայում նոր թափ կհաղորդի Tiems.am-ի գործունեությանը», – ասել է խմբագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում