Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ. «Քվեախցիկների հետ կապված որեւէ ահազանգ չենք ստացել»

Այսօր, սեպտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 08:00-ից մեկնարկել են ՏԻմ ընտրությունները: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում: Սակայն ըստ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների՝ անձնագրերում ցնդում է դրված կնիքը: Այս մասին Times.am-ը պարզաբանումներ ստացավ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Պապանյանից:

«Որոշ բողոքներ եղան. խնդիրն առկա է ոչ բոլոր տեղերում: Մենք կապվեցինք Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հետ: Պարզվեց, որ խնդիրն առկա է այն տեղերում, որտեղ կնիքը լավ չեն թափահարել: Իսկ որտեղ թափահարել են, ամեն ինչ նորմալ է եւ մի քանի ժամ հետո էլ կնիքը դեռ առկա է: Խնդիրներից խուսափելու համար մենք որոշեցինք օգտագործել սովորական թանաք»: Անդրադառնալով մամուլի մեկ այլ հրապարակման, ըստ որի խնդիրներ են առաջացնում ստվարաթղթե քվեախցիկները, մեր զրուցակիցը նշեց.

«Դրանք միայն ենթադրություններ են, որեւէ փաստ չկա, մենք որեւէ ահազանգ չենք ստացել»: Ըստ նրա, այս քվեախցիկներն օգտագործվել են նաեւ Երեւանում, ամեն ինչ նորմալ է անցել, եւ որոշել են քվեախցիկներն այս տարի կիրառել նաեւ Վանաձորում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում