Իրան-«վեցնյակ» համաձայնությունից հետո առաջին ծրագիրը Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն է լինելու. Քննարկում (տեսանյութ)

Իրան-«վեցնյակ» համաձայնությունից հետո  առաջին ծրագիրը Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն է լինելու. Քննարկում (տեսանյութ)

Իրանի դեմ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցների վերացումը դրական ազդակ կլինի Հայաստանի տնտեսության համար: Նման կարծիք են հայտնել փորձագետները «Իրան-«վեցնյակ» համաձայնություն. նոր հնարավորություններ և հեռանկարներ Հայաստանի համար» քննարկմանը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանն ու Իրանը կկարողանան ավելի առարկայական քայլեր կատարել երկաթգծի կառուցման հարցում:

«Եթե երկաթուղու կառուցումն իրականություն դառնա, Հայաստանն Իրանի տարածքով ելք կունենա  դեպի Բանդերաբաս նավահանգիստ, այսինքն Պարսից ծոց: Այդ նավահանգիստը կարևոր հանգույց է, թեև ներկայում դժվար է ասել՝ դա Հայաստանի համար կունենա նույն նշանակությունը, ինչ Փոթիի նավահանգսիտը: Սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանը ունի բազմաճյուղ երկաթգծային ցանց և ելքեր` աշխարհի տարբեր երկրներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ վերջնական համաձայնությունն այնուհանդերձ կկայանա, քանի որ երկու կողմերն էլ (Իրան-վեցնյակ) շահագրգիռ են համաձայնության գալու:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով պայմանավորվածությունն  եղել է փուլային տաբերակով, որպեսզի Իրանը նվազեցնի ուրանի հարստացումը և հանվեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Այժմ իրանական կողմը հռետորաբանություն է գործածում, որ պատժամիջոցները միանվագ հանվեն: Իսկ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո իրականացվելիք առաջին ծրագիրը Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանն է վերաբերելու: 

«Այդ էլեկտրակայանի կառուցումն արդեն երկար տարիներ է, որ ավարտին չի հասցվում: Իսկ երկաթգծի կառուցումն ավելի լուրջ ներդրումներ է ենթադրում Հայաստանի կողմից, որովհետև եթե իրանական կողմը պետք է կառուցի միայն 60 կմ գիծ, հայկական կողմը ստիպված է կառուցելու 200 կմ: Դրա համար մեծ ֆինանսավորում է պետք և, իհարկե, ժամանակ»,– ասաց Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի շահերից է բխում իրանական պատժամիջոցների վերացումը, քանի որ այդ պետութունը լուրջ դերակատար է տարածաշրջանում, ավելին՝ ԼՂ հարցում Իրանը չի փոխել իր դիրքորոշումը, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ,  իհարկե, խոչընդոտներ կլինեն Իսրայելի կողմից և ԱՄՆ-ի հնարավոր փոփոխություններով պայմանավորված, այնուամենայնիվ, աշխարհի զարգացումները ցույց են տալիս, որ այդ պայմանագիրը կյանքի կկոչվի: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հարաբերություններին, ապա Իրանը ցանկանում է, որ Հայաստանն ուժեղանա, որպեսզի դաշնակից ունենա Ադրբեջան-Թուրքիա ալյանսի դեմ:

«Իրանին ձեռնտու է ունենալ բարեկամ տարածաշրջանում, իսկ Հայաստանի շահերից բխում է համագործակցել Իրանի հետ: Ցանկացած հարցում մենք պետք է ունենաք այլընտրանք, օրինակ Հայաստան-Իրան գազամուղը այլընտրանք է, ինչպես նաև ծրագրվող երկաթգիծը»,– ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում