Զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել

Այսօր, սեպտեմբերի 9-ին, գիշերը Քանաքեռի զորամասում, հայտնաբերվել է զինծառայող Ա. Սարգսյանի (անունը հայտնի է) դին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:

«Երևանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 2012թ սեպտեմբերի 9-ին ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս’ պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Ա. Սարգսյանի դին՝ նախնական տվյալներով, ինքնասպան եղած վիճակում», -տեղեկացրեց Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը:

Նրա խոսքով, կատարվել է դեպքի վայրի զննություն, քննչական այլ գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով՝ «ինքնասպանության հասցնելը», կատարվում է նախաքննություն:

Մերի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայող Ա. Սարգսյանը զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում