Վատիկանի Սբ. Պետրոսի տաճարում մեկնարկել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը (ուղիղ միացում)
Նմանատիպ
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում քիչ անց կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը կմատուցի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Նորին սրբությունն անձամբ է հղացել և նախաձեռնել Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ պատարագ մատուցելու միտքը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պատարագին ներկա կլինեն Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները: Ներկա կլինեն նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարերարներ՝ ամբողջ աշխարհից:
Times.am-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայր` Սուրբ Պետրոսի եկեղեցում մատուցվող պատարագի ուղիղ միացումը։
Նշենք, որ պատարագը բացառիկ պատմական նշանակություն ունի, ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ կաթոլիկ աշխարհի համար։ Ինչպես նշել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, մինչ այս նման պատարագներ երբեք չեն մատուցվել։ «Առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել», – ասել է դեսպան Մինասյանը։
Սուրբ պատարագի ավարտից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես կգա քարոզով, այնուհետև կմոտենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար նա պատարագի ավարտից հետո դուրս է գալիս տաճարից)։ Հռոմի պապի քարոզին կհետևեն Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ելույթները։
Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: «Կհնչի լատիներեն ֆորմուլան և Նարեկացին կհայտարարվի Տիեզերական եկեղեցու վարդապետ»,-ասել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում