Ցեղասպանության դատապարտումը, ճանաչումն ու հատուցումը խիստ փոխկապակցված են. Արամ Առաջին (տեսանյութ)

Ցեղասպանության դատապարտումը, ճանաչումն ու հատուցումը խիստ փոխկապակցված են. Արամ Առաջին (տեսանյութ)

Հայոց ցեղասպանությունն անմոռանալի եւ անժխտելի պատմական փաստ է, որը խոր արմատներ է թողել ոչ միայն ժամանակակից պատմության, այլեւ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Հետեւաբար, այն պատմությունից եւ մեր ընդհանուր հիշողությունից ջնջելու ցանկացած փորձ դատապարտված է  անհաջողության: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ անցկացվող պատարագի ավարտին իր ելույթում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը:

«Իրականում, 1915թ-ին 1.5 մլն հայ դարձան Օսմանյան կայսրության կողմից կանխամտածված եւ սիստեմատիկ կերպով իրականացված ցեղասպանության զոհ: Մենք ոչ միայն կորցրեցինք 1.5 մլն հայ, այլեւ հազարավոր վանքեր, եկեղեցիներ, մշակութային ընկերային ու հոգեւոր մեծ արժեք ներկայացնող հաստատություններ, որոնք կործանվեցին, կորսվեցին եւ խլվեցին»,- ասաց Արամ վեհափառը:

Նա փաստեց՝ դրանք դեռ խլված են մնում, եւ դրանց թվում է նաեւ Սիսում Կիլիկիայի հայկական կաթողիկոսությունը:

«Մենք չենք կարող մոռանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը: Ըստ միջազգային իրավունքի՝ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, եւ դրա դատապարտումը, ճանաչումն ու հատուցումը խիստ փոխկապակցված են»,– շեշտեց Արամ Ա-ն:

Նա ընդգծեց՝ Հայ դատն արդարության դատ է, իսկ բոլորը գիտեն՝ արդարությունը մարդը չի իրականացնում, այլ Աստված: Հետեւաբար՝ արդարության դեմ գործած հանցանքը Աստծո դեմ գործած մեղք է:

«Հայոց ցեղասպանության մեր նահատակներն այսօր մեզ մարտահրավեր են նետում՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը մարդկությանը, մարդկային արժանապատվությանն ու մարդու իրավունքներին»,- ավելացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:

Դիմելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ նա հիշեցրեց՝ 1915թ.-ին Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը խստագույն մի նամակով դիմել էր Օսմանյան իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հայերի ջարդը: Հետագա տարիներին եւ տասնամյակներին հայ ժողովուրդը չմոռացավ Հռոմի եկեղեցու շարունակական օժանդակությունը, մտահոգությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի  նկատմամբ:

Արամ Ա-ն իր երախտագիտությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անցկացված պատարագի համար՝ ընդգծելով դրա կարեւորությունը:

«Ցեղասպանության սուրբ նահատակների արյունն ավիշ դարձավ Հայոց եկեղեցու ու ժողովրդի գոյության համար՝ մեզ տալով հավատքի ու հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու, նաեւ՝ իմացյալ մահով նահատակվելու քաջությունը: Այսօր, այս արարողության մեջ մենք հոգեպես լիցքավորվում ենք մեր նահատակների հավատքով ու սրբազան կտակով»,- ասաց վեհափառը:

Արամ Ա-ն փաստեց, որ կաթոլիկ եկեղեցին, սրբազան քահանայապետի գլխավորությամբ, եկեղեցու վարդապետ հռչակեց հայ ժողովրդի մեծագույն սրբերից ու աստվածաբաններից Սուրբ Գրիգոր Նարեկացուն. «Արդարացիորեն, նա եզրակի աստվածաբան է մեր եկեղեցու եւ, ընդհանրապես, ողջ աշխարհի  եկեղեցիների կյանքում: Շատ աստվածաբաններ խոսել են Աստծո մասին, սակայն նա խոսեց Աստծո հետ՝ ստեղծելով մարդու ու Աստծո երկխոսությունը իր «Մատյան», որը դարջավ եւ մնաց որպես հայ ժողովրդի երկրորդ Աստվածաշունչ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում