Թ. Պողոսյանը կստանա Ր. Հովհաննիսյանի մանդատը
Նմանատիպ
Ինչպես այսօր արդեն պարզ դարձավ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի իր մանդատից: Այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե ով կստանա Ր. Հովհաննիսյանի մանդատը: Ըստ տարածված տեղեկատվության, այդ մանդատը կստանա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:
Տեղեկատվությունը հաստատեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ Խուրշուդյանի, քանի որ համամասնական ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է, հետեւաբար’ այս պահի դրությամբ այլ որոշում չկա եւ հենց նա էլ կվերցնի Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում այսօր հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի’ եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից:
Ր. Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում