ՀԱՀ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Էդվարդ Նալբանդյանին
Նմանատիպ
Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավ Աֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Չուպու Ստենլի Մաթհաբաթհային (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին և շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախարարը նաև հավելեց, որ հայկական կողմը կարևորում է հարաբերությունների զարգացումը աֆրիկյան առաջատար երկրների, այդ թվում Հարավ Աֆրիկյան Հանրապետության հետ:
Դեսպան Մաթհաբաթհան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական, տեխնիկական և գիտակրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում նշվեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և Հարավային Աֆրիկայի Հյուսիսային Քեյփի նահանգի կառավարության միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ոսկերչության և ադամանդագործության ոլորտում համագործակցությունը և մասնագիտական փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում