«Հայկական ժամանակ». Հրայր Թովմասյանը Հունգարիայի արդարադատության նախարարի տեղը հրաժարական կտար
Նմանատիպ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ռամիլ Սաֆարովի ւսրտահանձնումից անմիջապես հետո արդարացի վրդովմունքով լի նամակ էր հղել Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրոչիչին:
Իր նամակում մեր արդարադատության նախարարը արդարացիորեն շեշտել էր նաև, որ արդարությունն ու պատժի անխուսափելիությունը եվրոպական արժեքներ են: «Ձեր կոլեգային ասել էիք, որ եթե իր տեղը լինեիք’ հրաժարակա՞ն կտայիք»,- երեկ Աժ-ում Թովմասյանին հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը: «Այո»,-պատասխանել է նա: «Իսկ եթե դուք լինեիք ՀՀ արդարադատության նախարարը 2001-ին, երբ «Առագաստ» սրճարանում սպանվեց Պողոս Պողոսյանը, հրաժարական կտայի՞ք»,- հարցրել է մեր թղթակիցը: «Եկեք «եթե»-ներով չխոսենք»,- ասել է նախարարը և արագ հեռացել: 2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանած Աղամալ Հարությունյանը (Կուկու), որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն էր, ոչ միայն չազատազրկվեց գեթ մեկ օրով, այլև հիմա շատ հարմարավետ կյանք է վարում: Ու դրա համար ոչ ոք հրաժարական չի տվել առ այսօր: Հաջորդ անգամ նախարարին կփորձենք հարցնել այն մասին, թե ինչու ինքը հրաժարական չի տալիս, չէ՞ որ Մարտի 1-ի մարդասպաններից ոչ մեկը չի ազատազրկվել: