«Առավոտ». Չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը. խմբագրական

«Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի’ կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ’ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որևէ տրամաբանության’ տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում’ ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ, երբեմն ընտրողների սիրտը շահում էին ընտանիքի վրա բաշխելով մի քանի կիլոգրամ միս’ դեռ լավ է, ոչ թե մի քանի շիշ գարեջուր: Միակ բացատրությունը կարոդ է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը’ եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին և աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:
Քանի որ համայնքի ղեկավարի ընտրությունները սովորաբար անց են կացվում ավագանու ընտրությունների հետ միասին, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն, որը, այսպես ասած, «դատապարտված է հաղթանակի», աշխատում է ձևավորել նաև ձեռնասուն ավագանի, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ ձևով չսահմանափակի իր իշխանությունը, և այդ նպատակով նա փող է ծախսում թե անձամբ իր և թե իր թիմակից ավագանու թեկնածուների համար: Այդ «հաղթական» թեկնածուի մտքով, իհարկե, չի անցնում, որ ավագանին Ազգային ժողով չէ, այստեղ քաղաքական շահերի խնդիր չկա, և, հետևաբար, մտածող և ինքնուրույն մարդիկ կարող են օգտակար լինել’ համայնքային խնդիրներ լուծելու համար:
Գյումրիում ամբողջությամբ ձեռնասուն ավագանի չի հաջողվել ձևավորել’ բոլորը չէ, որ այդ մարմնում գարեջրագործներ են լինելու: Այդտեղ կան նաև գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ինչպես նաև այլ ՀՀԿ-ականներ և ԲՀԿ-ականներ, որոնք այս կամ այն պատճառով համաձայն չեն, որ քաղաքում տիրի իրենց «միասնական» թեկնածուն: Եթե ղեկավարվենք հայտնի տրամաբանությամբ, ապա կարելի է արձանագրել, որ այդպիսով հանվել է մի քանի քար’ ավազակապետության բուրգից: Այսինքն’ քանի որ Գյումրիի գործող քաղաքապետը իշխանությունից դժգոհ է, ապա նա կարող է լինել ընդդիմության դաշնակիցը’ հանուն ժողովրդավարության պայքարում:
Բայց սրանք, ի վերջո, մանրուքներ են: Ամենակարևորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ’ անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարևոր բան’ ընտրողները, այսինքն’ չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը»,-գրել է «Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում