ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի Նախագահին
Նմանատիպ
Սեպտեմբերի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին է ընդունել Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է միջազգային կազմակերպություններում երկկողմ սերտ համագործակցությունը: Այս համատեքստում դեսպան Քոչարյանը լիբանանյան կողմին ՀՀ կառավարության երախտագիտությունն է հայտնել Չմիացած երկրների շարժման շրջանակներում սերտ համագործակցության և շարունակական աջակցության համար: Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական այցերի և տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը:
ՀՀ դեսպանը Նախագահ Սլեյմանին ներկայացրել է նաև մանրամասներ’ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ:
Դեսպան Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները և պաշտոնական կապերը Հունգարիայի հետ: Դեսպանը ընդգծել է, որ շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել և խորը անհանգստություն են արտահայտել հունգարա‑ադրբեջանական խայտառակ գործարքի կապակցությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում’ նաև Բեյրութում’ Հունգարիայի դեսպանության շենքի առջև:
Նախագահ Սլեյմանն ըմբռնումով է ընդունել ներկայացված տեղեկատվությունը’ հույս հայտնելով, որ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կշարունակվեն:
Նախագահ Սլեյմանը խնդրել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ջերմ շնորհավորանքները Համաշխարհային Օլիմպիադայում ՀՀ շախմատի ազգային հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ, ում նույնպես ներկայացվել են մանրամասներ ադրբեջանա-հունգարական գործարքի վերաբերյալ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի մասին: Նաբիհ Բըրրիին փոխանցվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության խորացումն ու ընդլայնումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում