Ա.Աղայան. «Արցախի ինքնորոշման և անկախության ճանաչումը հստակորեն հետ քայլ է»
Նմանատիպ
«106.5» լրատվական ռադիոյի եթերում քաղաքագետ Արմեն Աղայանի և «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի մասնակցությամբ բանավեճ է կազմակերպվե, որին քննարկվել է «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախագիծը՝ Արցախի անկախացման հարցի շուրջ:
Ստյոպա Սաֆարյանը, ներկայացնելով օրինագծի կազմման դրդապատճառները, ընդգծել է, որ իրենց նպատակն է զսպելու Ադրբեջանի պատերազմական ավանտյուրաները, ինչպես նաև միջազգային հանրությանն ի ցույց դնել, որ արցախյան հարցի լուծումն, ըստ էության չունի այլընտրանք: Ստ.Սաֆարյանը նաև նկատել է, որ անկախ ճանաչումից, Ադրբեջանի քայլերը տանում են տարածաշրջանի միլիտարիզացիայի և իր կարծիքով՝ Արցախի անկախության ճանաչումը կարող է փոխել իրադարձությունների զարգացման ընթացքը, եթե այն ներկայացվի պատմական և ժամանակային ճիշտ կոնտեքստում:
Քաղաքագետ Արմեն Աղայանն իր հերթին նկատել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե այս պահին դեռ չճանաչված անկախությամբ Արցախը պաշտոնապես որտեղ է, ինչպիսին է չճանաչված Արցախի կարգավիճակը. «Եթե մենք այսօր ճանաչում ենք Արցախի անկախությունը՝ ենթադրելով, թե մենք ճանաչում ենք այդ անկախությունն Ադրբեջանից, մենք նաև ընդունում ենք, որ Արցախն այս պահին Ադրբեջանի կազմում է»:
Բանախոսը նաև հիշեցրել է 89 թվականի միացման որոշման մասին, որով Արցախի ինքնորոշման շարժումն ավարտվել է, ոչ թե սկսվել:
Ս.Սաֆարյանի այն դիտարկմանը, թե Արցախի ճանաչման գործընթացից հետո նոր իրենք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են, որպեսզի Հայաստանը միանա իրենց, Ա.Աղայանը մի հետաքրքրիր հարցադրում է հնչեցրել, թե ինչու օրինակ մենք նման հնարավորություն չենք տալիս Տավուշի մարզին, որը նախ անկախանա, իսկ այնուհետև ցանկություն հայտնի կամ ոչ մեզ հետ ապրելու:
«ԽՍՀՄ փլուզման պահին Արցախը Հայաստան պետության կազմում էր, և ավելին՝ Արցախում հիմա ապրում են միմիայն ՀՀ քաղաքացիներ, նրանք չունեն Արցախի քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ: Ճիշտ է նրանք զրկված են ՀՀ այլ քաղաքացիների ոչ առատ իրավունքներից, ինչպես օրինակ՝ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքը»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է աշխարհը վերաբերվում այս հարցին՝ Ա.Աղայանը շեշտել է, որ միջազգային հանրության համար Արցախը չի կարող լինել առանձին պետություն, ինչը բազմիցս նշվել է.
«Արցախի կամ Հայաստանի մաս է, կամ՝ Ադրբեջանի: Եվ Արցախի՝ Հայաստանից առանձին լինելու ցանկացած պնդում կամ այն դարձնում է Ադրբեջանի մաս, կամ՝ քննարկելի է դարձնում ամբողջապես կամ մի մասով Ադրբեջանին հանձնվելու հնարավորությունը: Մեր բանակցողները միջազգային հանրության առաջ երբեք չեն քննարկել Արցախի անկախ լինելու տարբերակը, որովհետև դա այնքան ծիծաղելի է, որ ուղղակի վիրավորական կլիներ, եթե որևէ մեկը նման հայտարարություն աներ բանակցությունների ժամանակ: Դա ներքին շուկայի խոսակցություն է»:
Ըստ քաղաքահետի՝ այս ձևակերպման բարձրաձայնումը ձեռնտու է, եթե մենք դիտարկում ենք որոշ տարածքների հանձնման հարցը, երբ մենք կարգավիճակի հարցում որևէ բան չենք պնդում և Արցախը մերը չենք ճանաչում 100 տոկոսով.
«Եթե միջազգային մակարդակով նման հարց չի քննարկվում, ապա պարզ է, որ Արցախը միանշանակ Հայաստանի մաս է, որովհետև դժվար է պատկերացնել մի առանձին ինքնիշխան պետություն, որի նախագահը գնում է կողքի պետություն վարչապետ աշխատելու, կամ պատկերացնել ինքնիշխան պետություն, որի բանակի զինծառայողները գնում են կողքի բանակում ծառայելու և կողքի բանակից էլ իրենց մոտ են գալիս: Այս բորոր տեղափոխությունները խոսում են այն մասին, որ այսօր էլ Արցախը Հայաստանի մաս է, և եթե մենք ինչ-որ քայլ ենք ուզում կատարել մեր ազգային խնդիրների լուծման ուղղությամբ, ապա դա ոչ մի դեպքում հետ քայլը չպետք է լինի:
Վաղը մյուս օր կարող է պատերազմ լինել. Դրա հավանականությունն օրեցօր աճում է, մի քիչ նվազում է և նորից ավելի մեծ թափով աճում: Եվ պատերազմի ժամանակ մենք անվտանգության խնդիր ենք ունենալու հասնել Քուռ գետ կամ, ասենք, ազատագրել Նախիջևանը: Այդ ժամանա՞կ ինչ ինքնորոշման խնդիր ենք մեջտեղ բերելու: Խնդիր կա. Հայ-ադրբեջանական սահմանը անհստակ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև կա տարածքային վեճ, և անկախ նրանից, թե ինչ բանկչություն է ապրում Հայաստանը պատերազմի ժամանակ իրավունք ունի ազատագրել և իրեն պահել թե՛ Գանձակը, Գարդմանքը, թե՛ Նախիջևանը: Իսկ ինքնորոշման և անկախության ճանաչումը հստակորեն հետ քայլ է»,- մասնավորապես ասել է Ա.Աղայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում