Հայ-հունգարական հարաբերությունները միջնաժամկետ հեռանկարով կարող են վերականգնվել. Հունգարիայի ԱԳՆ-ի գաղտնի փաստաթուղթ

Հունգարական Nol.hu կայքը մի փաստաթուղթ է հրապարակել, որը կազմվել է Հունգարիայի արտաքին գերատեսչությանը կից Միջազգային հարցերի ինստիտուտի (ՄՀԻ) կողմից:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով հունգարական Politics անկուսակցական- քաղաքական օրաթերթին, Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանը մոլորեցրել է՝ «8 տարի առաջ Հունգարիայում հայ սպայի սպանած ադրբեջանցու հանձնման հարցում»:

ՄՀԻ-ն պարբերաբար նման զեկույցներ է հրապարակում Հունգարիայի համար կարևորագույն դիվանագիտական հարցերի վերաբերյալ: Կառույցի ղեկավար Բոտոնդ Զակոնին ասել է, թե գաղտնի փաստաթղթի հրապարակումը «ցավալի» է:

Ըստ փաստաթղթի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հարցով հանդիպում և քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս հունգարացի պաշտոնյային խոսք է տվել, որ Սաֆարովը բանտում է մնալու:

Առանձին նշվում է, որ Սաֆարովին ներում շնորհելուց 2 օր անց Հունգարիան դիվանագիտական նոտա է հղել Ադրբեջանին, սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, առկախել է հարաբերությունները Հունգարիայի հետ:

Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ «ադրբեջանցի նախագահը մոլորեցրել է Հունգարիային», և երկիրն անակնկալի է եկել Սաֆարովի ազատ արձակումից, կառավարությանն էլ 24 ժամ է հարկավոր եղել պետական դիրքորոշումը ձևակերպելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանը փորձել է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր Սաֆարովի ազատ արձակման մասին պայմանավորվածություն է ունեցել Հունգարիայի հետ:

«Ադրբեջանը ներկայիս դրությամբ ավելի կարևոր է Հունգարիայի համար, քան հակառակը», – ասված է զեկույցում, և հենց այդ պատճառով Բուդապեշտը բացեիբաց չի հայտնի, որ ազերի նախագահը մոլորեցրել է Օրբանին:

Զեկույցում նշվում է, որ Հունգարիան պետք է պնդի, թե խոսքը թյուրիմացության մասին է:

Ըստ նույն փաստաթղթի՝ պարզ է, որ Հունգարիայի և Հայաստանի հարաբերությունները սառն են լինելու որոշ ժամանակ, սակայն մեծ աշխատանքի շնորհիվ միջնաժամկետ հեռանկարով հարաբերությունները կարող են վերականգնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում