Տ. Պապանյան. «Վանաձորի ընտրություններից հետո միայն շնորհակալական զանգեր ենք ստացել»

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ամփոփելով ընտրությունների արդյունքները Վանաձորում՝ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը Times.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ դիմում-բողոք չեն ստացել:

«Միայն ստացել ենք մի գրություն Հելսինկյան Ասամբլեայի վանաձորյան գրասենյակից, համաձայն որի մեքենաների կուտակումներ են նկատվել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Այս գրությունը մենք ուղարկել ենք ոստիկանություն, որպեսզի այնտեղ ճշտեն, թե արդյո՞ք այդ կուտակումներն առհասարակ կապ ունեին ընտրությունների հետ, թե ոչ: Դա իրենց պարզելու գործն է», նշեց պարոն Պապանյանը:

«Մենք մեկնաբանեցինք նաեւ թերթերի այն հրապարակումները, թե խնդիր է եղել ստվարաթղթե քվեախցիկների հետ կապված: Մենք նշեցինք, որ այսպիսի քվեախցիկներ օգտագործվել են նաեւ Երեւանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ որեւէ խնդիր չի եղել: Մենք ունեինք այլ քվեախցիկներ եւս, որոնցով խնդիրների լինելու դեպքում կփոխարինեինք, սակայն դրա կարիքը չեղավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կնիքների ցնդելու հետ կապված աղմուկին, Տ. Պապանյանը նշեց, որ այն տեղամասերում, որտեղ թանաքը թափահարել են օգտագործելուց առաջ, կնիքը պահպանվել է երկար ժամանակ: «Իսկ որտեղ չէին թափահարել, խորհուրդ տվեցինք օգտագործել սովորական թանաք, որը կրկին մնում էր անձնագրում երկար ժամանակ», նշեց տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ հավելեց, որ ընտրություններից հետո միայն շնորհակալական զանգեր են ստացել: «ՀԱԿ-ից էլ շնորհակալություն հայտնել ընտրությունների համար», ավելացրեց Պապանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում