Ա.Ռուստամյան. «ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովուրդը հիասթափված է»

ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը խաթարված է: Քաղաքակիրթ աշխարհում ՏԻՄ ընտրությունները համարվում են ժողովրդավարության խարիսխը, իսկ մեզ մոտ տեղի ունեցածն անգամ ընտրություն չես անվանի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հայաստանում վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվում է ընտրող դառնալու հնարավորութունից, և իշխանությունը կարողանում է ինքն իրեն պարտադրել քաղաքացուն: Ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը լիուլի ականատես եղանք նաև այս ընտրություններին. բավական է բերել միայն Թալինի, Ախթալայի, Սիսիանի, Կապանի և Գյումրիի օրինակները դրանում համոզվելու համար»,- ընդգծել է պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովուրդը հիասթափված է:

«Ընտրությունից ընտրություն ժողովուրդը վերջնականապես կորցնելու է հավատը որ կարող է ազատ ընտրություններով իր իշխանությունը իրականացնել այս երկրում: Իսկ սա հենց այն է, ինչը պետք է իշխանություններին՝ սեփական վերարտադրումը անխափան դարձնելու համար: Մինչդեռ ՏԻՄ դերը անփոխարինելի է իշխանությունը ապակենտրոնացնելու և անմիջականորեն ժողովրդին մոտեցնելու գործում: Սակայն դա տեղի ունենալ չի կարող, քանի դեռ Հայաստանում գործում է այս միահեծան նախագահական համակարգը, ինչի արդյունքում նույնացած են իշխանական կուսակցությունն ու պետությունը», -եզրակացրել է Ա.Ռուստամյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում