Էդ.Շարմազանով. «Հարավային Կովկասի տարածաշրջանում կան երկրներ, որոնք բացեիբաց քարոզում են ահաբեկչություն»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել խորհրդարանում, որում մասնավորապես ասվում է. 

«Հարգելի խորհրդարան,

Մեկնարկեց քաղաքական աշունը, որը թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում հարուստ է իրադարձություններով:
Սեպտեմբերի 2-ին ողջ հայությունը տոնեց Արցախի հայոց հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձը, մի հանրապետության, որն ադրբեջանական ագրեսորի դեմ մղված պատերազմում չընկրկեց եւ քաջաբար հաղթեց՝ ապացուցելով հայտնի ճշմարտությունը՝ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում դրա պակասից: Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անշեղորեն ընթանում է դեպի իր անկախության միջազգային ճանաչում:

Հարգելի գործընկերներ,

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հարյուրավոր համայնքներում տեղի ունեցան ընտրություններ, որոնք Հանրապետականի համար կարեւոր էին երկու տեսանկյունից:

Առաջին’ մեզ համար շատ կարեւոր էր ընտրությունների ժողովրդավարական բնույթը, եւ այս առումով պետք է նշեմ, որ այս ընտրությունները չնայած որոշ տեխնիկական թերությունների, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անվերապահորեն գնում են երկրում ժողովրդավարության խորացման ճանապարհով:

Երկրորդ’ այս ընտրություններում հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ չնայած առկա խնդիրներին՝ Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:
Ավելին’ մեծածավալ աշխատանքներ են կատարվել աղետի գոտում: Շուրջ հինգ հազար անօթեւան ընտանիքներ ստացել են բնակարաններ: Այս ծրագիրը շարունակական է եւ գտնվում է հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում:

Հարգելի խորհրդարան,

Տասնմեկ տարի առաջ այս օրը աշխարհը ցնցվեց նյույորքյան աննախադեպ ահաբեկչությունից: Մարդկությունը հասկացավ, որ ահաբեկչությունն ու պատերազմի հրահրումը 21-րդ դարի հիմնական մարտահրավերներից են: Դժբախտաբար, Հարավային Կովկասի տարածաշրջանում կան երկրներ, որոնք բացեիբաց քարոզում են ահաբեկչություն եւ պատերազմ հրահրում, որն անթույլատրելի է: Նրանք դա անում են իրենց անզորությունից դրդված: Ինչպես դիպուկ կասեր ֆրանսիացի հայտնի գրող Ռոմեն Ռոլանը. “Պատերազմը պարտված եւ հուսահատված խաղացողի վերջին հաղթաթուղթն է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում