«Հայկական ժամանակ». Հայաստանի արտաքին քաղաքականության երկու բաղադրիչները

«Հայկական ժամանակն» իր այսօրվա առաջնորդողում գրել է. «Վերջերս մի ուշագրավ դեպք է կատարվել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ֆիլիպիններից վերադառնալիս նա ցանկացել է պաշտոնական այցով ժամանել Շրի Լանկա, սակայն այստեղ նրան չեն ընդունել: Չէ, խնդիրն այն չէ, որ Շրի Լանկայի հետ մեր երկիրը կամ Էդվարդ Նալբանդյանը ինչ-որ խնդիրներ ունի: Պարզապես նման այց նախատեսված չի եղել, իսկ այդ երկրի ղեկավարությունը տվյալ օրերին արձակուրդի մեջ է եղել: Եթե սա դիտարկեինք որպես առանձին դեպք, ապա դժվար թե հատուկ ուշադրության արժանանար: Բայց դեպքը սովորական չէ: Եվ ուրեմն’ ինչով է սա ուշագրավ: Օգոստոսի 8-ից 15-ը ՀՀ արտգործնախարարը շրջագայելիս է եղել Խաղաղ և Հնդկական օվկիանոսների մերձակայքում: Ամսի 8-ին նա եղել է Ինդոնեզիայում: Օգոստոսի 9-ին մեկնել է Նոր Զելանդիա: Օգոստոսի 13-ին’ Ավստրալիա: Օգոստոսի 15-ին նա արդեն Ֆիլիպիններում էր: Ուշագրավն այն է, որ այցը, ըստ մեր տեղեկությունների, նախատեսված է եղել միայն Ինդոնեգիա, սակայն ճանապարհին «էկել էկել ենք, բա մի հատ չմտնենք…» տարբերակով հաջողվել է հընթացս պաշտոնական այցեր սարքել Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Վերադառնալիս Նալբանդյանը որոշել է մի հատ էլ Շրի Լանկա մտնել և իր օգնականներին հանձնարարել է պաշտոնական այց կազմակերպել: Այցը, ինչպես նշեցինք, չի կայացել որովհետև այդ երկրում արձակուրդային շրջան է եղել: Միանգամից նշենք, որ արտգործնախարարների պարագայում նման հընթացս այցեր կազմակերպելն այնքան էլ արտառոց երևույթ չէ: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ շրջագայության ընթացքում միայն Նալբանդյանի «բիզնես դասի» ավիատոմսերի վրա ծախսվել է մոտ 75 հազար դոլար, էլի հատուկ ուշադրության չէր արժանանա: Ամբողջ խնդիրն այն է, որ Նալբանդյանի այս շրջագայությունը տեղի է ունեցել օգոստոսին: Դատելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած տեղեկատվական հոսքից, պետք է արձանագրել, որ Հունգարիան և Ադրբեջանը այս թեմայով բավական երկար են բանակցել, բայց գործընթացի կուլմինացիան եղել է հենց օգոստոս ամիսը: Արդեն օգոստոսի 20-ին Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները ԱԳՆ-ին զգուշացրել են, որ Հունգարիան, իրենց ունեցած տեղեկություններով, պատրաստվում է արտահանձնել մարդասպանին: Այլ կերպ ասած, օգոստոսին ադրբեջանա-հունգարական բանակցությունները մտել են ավարտական փուլ: Եվ ահա համադրելով Սաֆարովի արտահանձնման և Նալբանդյանի շրջագայության ժամանակագրությունը, պարզ երևում է, թե ինչու ենք արձանագրել մեր պատմության մեջ, թերևս, ամենամեծ արտաքին քաղաքական ձախողումը՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը չկանխելը: Խոսքն այն մասին չէ, որ եթե Նալբանդյանը չմեկներ վերը նշված երկրներ, Սաֆարովին չէին արտահանձնի: Կապը, բնականաբար, ուղղակի չէ: Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված մեր արտգործնախարարությունը: ԱԳՆ-ի’ այդ շրջագայության մասին տարածած հաղորդագրություններից պարզ երևում է, որ դա եղել է լիովին անիմաստ, անարդյունք, ուղղակի դատարկ շրջագայություն: «Բանակցությունների ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց…», «…միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը», «փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին…», «…հանգամանափց զրույց ունեցան միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ», «զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավական դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին»… Ահա այսպիսի ընդհանուր, ոչինչ չասող բառակապակցություններով են լեցուն այդ այցերը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները: Ու տպավորությունն այնպիսին է, որ մեր արտաքին քաղաքականությունն ունի երկու հիմնական բաղադրիչ’ Էդվարդ Նաւբանդյանի անիմաստ այցերը և դրանց մասին հնարավորինս գեղեցիկ պաշտոնական հաղորդագրություններ պատրաստելը: Եթե կարծում եք, որ սա չափազանցություն է, ապա հիշեք Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում